Ժպիտ-սերունդ

44

Արցախի ու մեր տղերքի միջեւ հավասարության նշան դրվեց:

Մեր ժողովուրդը միշտ էլ հատուկ ակնածանք է ունեցել զինվորի, սահմանը պաշտպանողի նկատմամբ, սեղան նստելիս առաջինը զինվորի կենացն է խմել, բայց այս պատերազմը 18-19 տարեկան տղաներին նույնացրեց Արցախի հետ, մի ամբողջ պետության հետ: Կամավորներն Արցախ մեկնելիս ասում ենՙ գնում ենք մեր ջահել, ժպտերես, օջախի ճրագ տղերքի կողքին կանգնենք, նրանց թեւ-թիկունք դառնանք: Զարմանալի չէ, որովհետեւ հայրենիքը լոկ հող, դաշտ ու անտառ կլիներՙ առանց այնտեղ ապրող մարդու: Արցախի խորհրդանիշը Դեդ ու Բաբոն ենՙ դարձյալ մարդիկ, այսինքնՙ Արցախն այնտեղ ապրող բնիկներով է Արցախ, արցախցու ծուռ ու կոշտ բնավորությամբ, համառությամբ, կամքի ուժով, իր հողին կառչած մնալու հաստատակամությամբ:

Բայց այսօր Արցախ ասելիս մեր կռվող տղերքն են աչքներիս առաջ գալիս, ու համայն հայության ջանքերը, նվիրումը նրանց է ուղղված, նրանց մատաղ կյանքերը փրկելուն, նրանց հերոսությունն ու սխրանքն արժեւորելուն:

«Ես չեմ ծնել քեզ, զինվոր, ես չեմ քո մայրը, բայց հավատա, սիրտս հարազատ մորդ սրտի պես է ցավում, հոգիս հարազատ մորդ հոգու պես է քեզ սիրում ու գնահատում, աղոթքս հարազատ մորդ աղոթքի զորությունն ունի». պատերազմը ստեղծեց հայ մայրերի հավաքական սիրտ, հայ հայրերի հավաքական ուժ, հայ տատիկների հավաքական հոգի, հայ տղերքի հավաքական բռունցք ու խենթանալիք ժպիտ:

Թող ոչ մի սերունդ չնեղանա, բայց այս տղերքն ուրիշ են: Ուրիշ են, որովհետեւ նրանց ծնողների ոտքերն են միայն սովետական ժամանակներում, իսկ մարմինն ու գլուխն անկախության տարիներին են ձեւավորվել: Ուրիշ են, որովհետեւ նրանց ծնողները տեսել են երկրաշարժ ու շրջափակում, պատերազմ, մութ ու ցուրտ, նրանք լավ գիտեն կյանքի գինը, աշխատանքի ու կրթության հարգը: Ուրիշ են, որովհետեւ նրանց ծնողները ոչինչ չխնայեցին իրենց զավակներին լավ կրթություն տալու, լավ հագցնելու, լավ կերակրելու, աչքի լույսի պես պահելու համար: Նրանց ծնողներն այն սերունդն է, որի նշանաբանն էրՙ կունենամ մեկ-երկու երեխա, բայց կպահեմ-կխնամեմ, կսիրեմ-կփայփայեմ անմնացորդ:

Սիրված երեխան տգեղ չի լինում: Դաժան է հնչում, բայց ճշմարտություն էՙ ինչո՞ւ են լքված, անուշադրության մատնված երեխաները տգեղ: Սիրո պակասից է: Ինչո՞ւ են այս տղաներն այսքան սիրուն, պայծառ հայացքներով, լուսավոր աչքերով, անկեղծ ժիտներով, որովհետեւ նրանց ծնողներն անխնա սիրել են, անխնա նվիրվել, ամեն ինչ արելՙ բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա, կրթություն ապահովելու եւ, ամենակարեւորը, բարձր արժեքներ են սերմանել նրանց մեջ: Բոլորը սովորում են, բոլորն ուսանող ենՙ մեկը Ամերկյան համալսարանի, մյուսըՙ Ֆրանսիականի, երրորդըՙ Հայ-ռուսական սլավոնականի, չորրորդը Բոստոնի: Խելագարվելու, գժվելու, հպարտանալու ու սիրտդ արյունոտելու չափ մղտացնելու սերունդ է:

Սա այն սերունդն է, որը սովետ չի տեսել, սովետի համահարթեցումը չգիտե ինչ է. նրան ասել ենՙ չվախենաս, կարծիքդ համարձակ արտահայտիր, մտածածդ համարձակ ասա, մի՛ կեղծիր քեզ, մի ձեւացրու, վատամարդ չլինելու համար մի՛ լռիր: Սա այն սերունդն է, որը սովորեց ազգային երգ ու պար, որը ոչ թե դասագրքերի ու հանրագիտարանների, այլ արշավների միջոցով իրապես ճանաչեց ու իրապես սիրեց իր հայրենիքը: Սա ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ ազգային պարեր պարող, «Հայ ասպետի» խաղերին մասնակցող սերունդն է: Դրա համար էլ մի ամբողջ ազգ բութ դանակով մորթվում է ամեն զոհվող տղայի հետ, դրա համար էլ հայ մայրերի աղոթքները աղաղակ են դարձելՙ տեր Աստված, նրանց ժպիտները մեզ ապրեցնում են, մի՛ սպանիր նրանց ապրեցնող ժպիտները: