Համաշխարհային տնտեսությանը վերջին 80 տարվա ամենաուժեղ անկումն է սպասվում

75

Ռուսաստանի հաշվիչ պալատը նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության մեջ խիստ անկման հնարավորության մասին: Այս մասին նշվում է գործակալության կայքում հրապարակված Ռուսաստանի տնտեսության զարգացման 2020-2023 թվականների կանխատեսման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փորձագետները հիշեցրել են, որ համաշխարհային տնտեսության հեռանկարներն անորոշ են մնում` 2020-ի երկրորդ կեսին խթանիչ բազմաթիվ ծրագրերի ավարտի եւ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով:

Նրանք նաեւ նշել են, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Fitch վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել են տնտեսության զարգացման կանխատեսումները` դեպի վատթարացման կողմ: Նրանց գնահատականներով` համաշխարհային ՀՆԱ-ն կարող է կրճատվել 4.9-6 տոկոսով:

«Այսպիսով, համաշխարհային տնտեսությունը կհայտնվի վերջին 80 տարվա ամենախորը ռեցեսիայի մեջ»,- նշվում է փաստաթղթում:

Այս փաստաթուղթը Հաշվիչ պալատի առաջին սեփական կանխատեսումն է Ռուսաստանի տնտեսության առաջիկա երեք տարվա հեռանկարների վերաբերյալ: Փորձագետներն իրադարձությունների զարգացման երկու սցենար են նկարագրել` բազային, համեմատաբար բարենպաստ եւ պահպանողական` «շոկային սցենար»:

News.am