Էրդողանի կնոջը հիշեցրել են 50 000 դոլար արժողությամբ Hermes պայուսակի մասին ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո

131

Թուրքիայում քննադատել են երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանին այն բանից հետո, երբ համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ նա կրում է 50 000 դոլար արժողությամբ Hermes պայուսակ:

«Այն բանից հետո, երբ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, մենք ակնկալում ենք, որ Էմինե Սուլթանը կայրի իր ֆրանսիական պայուսակները Թաքսիմ հրապարակում»,-գրել է @Who98408150 օգտատերը Twitter-ում:

Կոչը կրկնել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով Էմինե Էրդողանին առաջարկել է սկսել բոյկոտն ու այրել իր պայուսակը:

Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է այդ առաջարկին՝ հայտարարելով, որ կոչը ցույց է տալիս «կանանց հանդեպ բռնություն»:

Դեռ 2020 թվականի հունիսին, երբ առաջին անգամ հրապարակվեց այդ լուսանկարը, լրագրող Էնդեր Իմրեկը հայտնվեց դատարանի առջեւ նախագահի տիկնոջը վիրավորելու մեղադրանքով: «Մեղադրական եզրակացության համաձայն՝ Էմինե Էրդողանին չգովելը հավասար է նրան վիրավորելուն»,-ասել է Իմրեկը դատական նիստի ժամանակ:

Միեւնույն ժամանակ, Էրդողանը պատասխանել է Քըլչըդարօղլուի՝ պայուսակն այրելու կոչին, ասելով. «Եթե դու մի կաթիլ խիղճ ունես, խոսիր իմ մասին: Մի՛ խոսիր իմ կնոջ մասին: Դու ի՞նչ քաղաքական գործիչ ես: Եթե ուզում ես այրել այն, քեզ հետ են շատ սպիտակ թուրքեր»: «Սպիտակ թուրք» արտահայտությունն օգտագործվում է ավելի հարուստ, ավելի եվրոպական թուրք ազգին նկարագրելու համար՝ ի տարբերություն Անատոլիայի «սեւ թուրքերի», որոնք, որպես կանոն, ավելի աղքատ են եւ ավելի հավատացյալ:

Քանի որ թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել, շատ օգտատերեր նշել են, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամն արդեն խանգարում է մարդկանց գնել ֆրանսիական ապրանքներ: Al-Monitor-ի լրագրող Ամբերին Զամանն ասել է, որ լեզվակռիվը շեղում է Թուրքիայի իրական խնդիրներից: 

Աղբյուր՝ News.am