Գուրգեն Եղիազարյանը հանճարեղ գրող էր, ում վեպերը պետք է կարդա յուրաքանչյուր ոգ. Լիա Ավետիսյան

303

Սենյակ մտնելիս կամ շքամուտքից ոտքը դուրս հանելիս, նա նկատում էր ամենը՝ բոլոր մանրուքներով ու դիրքերով։ Նաև այդ իր հմտության շնորհիվ նա իդեալական խուզարկու էր, որ բացահայտել էր բազմաթիվ հանցագործություններ։ Այդ տաղանդը բազմիցս փրկել է իր կյանքը։ Այս անգամ չփրկեց։

Գուրգեն Եղիազարյանը հանճարեղ գրող էր, ում վեպերը պետք է կարդա յուրաքանչյուր ոգ, և այդ թվում՝ առաջինը, «Բորենին», որի գլխավոր հերոսը՝ մի գեղացի անկուշտ բախտախնդիր, հասել էր Հայաստանի ղեկին՝ իբրև թագավոր։ Գիրքը լույս է տեսել 2005-ին, պատկերացնո՞ւմ եք։

Իր վերջին գիրքը՝ «Արեգակի զավակը», լույս տեսավ երեք տարի առաջ և պատրաստ էր ռուսերեն տպագրությանը։ Շահան Նաթալիի և իր վրիժառուների մասին մի զարմանալի պատմություն էր։ Այդ երկուսի խմբագիրը լինելու պատիվն եմ ունեցել։

Գուրգենը հանճարեղ էր ամեն ինչում։ Իր ռոմանտիկ սերը հարևանուհի Վարդուշիկի հանդեպ դարձավ կուռ ընտանիք, ուր մեծացան երեք սարի պես արու զավակներ։ Մի ընտանիք՝ մի բռունցք, մի սեր, ուր բոլորն իրար հասնում են ու սիրում՝ հարսերով ու թոռներով հանդերձ։ Նա երջանիկ ամուսին էր ու հայր, սիրելի պապիկ։Քաղաքական դաշտում նա սիրահարվող ու հիասթափվող էր։

Մի գուցե որովհետև և ոչ մեկը իր ընտրած և տապալված կուռքերից չհամապատասխանեց իր պատկերացմանը, թե ինչպիսինը պետք է լինի Հայ Առաջնորդը։ Նա գիտեր ամեն ինչ․ ինչպես ճիշտ մաքրել սոխը և ինչ համեմունք դնել աղցանի մեջ, ինչպես բուժել մրսածությունը և ինչը բուժել մեղուների օգնությամբ։ Նա մի հանրագիտարան էր՝ պատրաստ ծառայելու ամեն մեկին, ով կարիքն ուներ իր խորհուրդների։

Իսկ դրանք շատ էին, շատ-շատ։ Նա լավ ընկեր էր ու լավ մարդ, ով պատրաստ էր հասնել յուրաքանչյուրին՝ ծանր պահին։ Գուրգեն Եղիազարյանը հրաժեշտ տվեց բոլորիս, իր սիրելի երկրին, որի բարօրության համար այդքան պայքարեց, լինելով թե քրեական հետախուզության բաժնի պետ, թե ԱԱԾ փոխտնօրեն, թե ԱԺ պատգամավոր, թե ազատ հայ մարդ, որ իր ամառանոցում խելք էր սովորեցնում հարևաններին։Այդպիսի մարդիկ չեն մոռացվում։

Չեն մոռացվում անգամ այն իշուկների կողմից, որ զվարթ խրխնջում են այս տխուր առիթով, բայց գիտակցում են․ իրենց հետքը չի մնալու մարդկության հիշողության մեջ։ Մինչդեռ Գուրգեն Եղիազարյանին տեսած կամ կարդացած մարդը չի մոռանալու նրան երբեք։

Հոգիդ զարմանալի ճամփա է բռնել, մեր լավ ընկեր, ու մենք աղոթելու ենք, որ շուտ նորոգվի ու շուտ վերադառնա իր սիրելի երկիր Հայաստանը։

Մի հարյուր տարի անց գա՝ ու զարմանա, թե որքա՜ն երջանիկ է ապրում իր պանծալի հայ ազգը։

Հեղինակ Լիա Ավետիսյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/araliaforever