Հրետակոծության պայմաններում մինչև վերջ զորքին սնունդ է մատակարարել. Արցախում զոհված Կամոն ազատամարտիկի որդի էր

49

Արցախում Ադրբեջանա–թուրքական հարձակման  ընթացքում հոկտեմբերի 24–ին զոհվել է հադրութցի ազատամարտիկ Կամո Գրիգորյանի կրտսեր որդին՝ 25–ամյա Կամոն։ Կոմո Գրիգորյանը մասնակցել է Հադրութի և հարակից բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին և զոհվել 1994թ. ապրիլի 15–ին Ֆիզուլիի շրջանում՝ այդպես էլ չտեսնելով որդուն։ Հոր մահից հետո տղային կոչել են նրա անունով։ Կրտսեր Կամոյի մայրը՝ Նաիրան, միայնակ, զրկանքներ կրելով մեծացրել է չորս զավակներին, որոնցից  երկուսը այժմ կռվում են ռազմաճակատում։

Ինչպես հայտնում է News.am-ը, Կամոն ժամկետային ծառայության ընթացքում վիրավորվել է և ժամկետից շուտ զորացրվել։

«Վիրավորման հետևանքով Կամոն ուներ սրտամկանի և թոքի վնասվածք, իսկ ձախ աչքը կուրացել էր, բայց չնայած դրան տարբեր տեղեր աշխատում էր, որ օգնի ընտանիքին։ Արցախի հարավային հատվածում նա աշխատում էր «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից սպասարկվող  զորամասում՝ սննդի մատակարարման ծրագրում»,–պատմեել է Կամոյի ազգականը՝ նշելով, որ անգամ ծանր մարտերի ժամանակ, երբ զորամասերը թշնամու կողմից հրետակոծվում էին, Կամոն չի հեռացել և մինչև վերջ կատարել է իր աշխատանքը՝ ընկերների հետ զորքին ապահովելով սննդով։

«Անչափ հայրենասեր, մարդասեր, համեստ տղա էր, բոլորին հասնող, առանց վարանելու պատրաստ էր օգնել բոլորին, շատ լավատես էր, բոլորին հույս էր տալիս, որ լավ է լինելու»,–ասել է մեր զրուցակիցը։

Կամոյին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ նրա հայրը հանգչում է Արցախի հայրենի գյուղում։