ԲՀԿ-ն կմեկնի Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ քննարկելու պատերազմական իրավիճակը

39

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին: