Ավստրիան դադարեցրել է թուրքական «Bayraktar»–ի համար շարժիչների մատակարարումը

118

Ավստրիական «Rotax» ընկերությունը դադարեցրել է թուրքական «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ Այս մասին հայտնել է «Rotax» ընկերության մամուլի խոսնակը:

«Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը:

Մինչ այս «Rotax» ընկերությունը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման նպատակի համար, քանի որ դրանք ի սկզբանե արտադրված են եղել թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, և գնորդին վաճառվել են նաև միջազգային գործակալությունների միջոցով: Մասնավորապես, Թուրքիային այդ շարժիչները մատակարարվում էին Իտալիայից։

Նշվում է, որ «Bayraktar TB2» արտադրող «Kale Baykar» ընկերությունը այդ շարժիչները գնել է ոչ թե անմիջապես Ավստրիայից, այլ՝ Իտալիայի միջոցով։ Rotax-ը չի հետևել իր շարժիչների վերջնական գնորդներին, քանի որ ավստրիական դասակարգմամբ դրանք երկակի նշանակության արտադրանք չեն:

Ինչպես մեկնաբանել է ընկերության մամուլի խոսնակը, ավստրիական ընկերությունն այսպիսով հետևում է իր մայր ընկերության՝ կանադական Bombardier Recreational Products-ի (BRP) հրահանգներին, որը նույնպես դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ»։ Թե´ Կանադայում, թե՛ Ավստրիայում բողոքի ցույցեր տեղի ունեցան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանադական և ավստրիական արտադրության այս շարժիչները օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Արցախում հայկական ուժերի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ մինչ ավստրիացիների նման որոշումը, Կանադայի ԱԳՆ-ն արգելել էր ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա («Բայրաքթարներում» օգտագործվել են Կանադական «Wescam» ընկերության օպտիկական տեսախցիկները): Իսկ օրերս թուրքական անօդաչուների համար կապի համակարգերի մատակարարումները դադարեցրել է ամերիկյան «Viasat» ընկերությունը։