Յախշի, յախշի, շարունակեք այդպես քարոզել

177

Այսօր համացանցում դիտեցի Ադրբեջանի պաշտոնական հեռուստաընկերության անգլերեն հաղորդումների լրատվական ծառայության ծրագիրը, որի ընթացքում բավական ներկայանալի մի աղջիկ, բավական վարժ անգլերենով իբր պատասխանում էր մի հաղորդավարի՝ իբր հարցերին, կանգնած մի քարտեզի դիմաց, որի վրա Արցախը լրիվ, գրեթե 98 տոկոսով գրավված էր ներկայացվում ադրբեջանական ուժերի կողմից։ Աղջիկը ընդամենը մի բացառություն էր ցույց տալիս, իր ասելով՝ Շուշան (Շուշին), որը, իր բացատրությամբ, հասկանո՞ւմ եք, շատ դժվար տեղանքում է գտնվում՝ բարձրադիր լեռների մեջ։ Ուզում էր ասել, որ այն գրավելը դժվար է։ Աղջիկը որպես հավաստիացման ամենահավաստի ապացույց շարունակ մեջբերում էր Իլհամի հավաստիացումները՝ գրավել ենք, տիրապետում ենք, կատարյալ է մեր հաղթանակը։ Ծիծաղելին այն է, որ ինչպես նշվեց, հաղորդումըանգլերեն էր։ Սակայն կարծում եմ դա ուղղված չէր օտարերկրյա հեռուստադիտողներին, որոնց մեծ մասը, վստահ եմ, այդպիսի ինքնագովազդ չէր հանդուրժի։ Դա ավելի ուղղված էր սեփական ժողովրդին, որի տգետ միլիոնավոր բազմությունների համար հեռուստատեսությամբ անգլերեն հնչող խոսքը եւ նրան զուգընթաց քարտեզը միշտ էլ ավելի հավաստի է եւ ծանրակշիռ, քան սեփական լեզվով արտասանվածը…

Խոստովանենք՝ վատ չի մտածված, մանավանդ որ ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների սեփական ժողովրդի անգրագիտության եւ բթության մակարդակի լավ իմացությունը…

Սակայն հաղորդավարն ու իր զրուցակից «մասնագիտուհին» բարձրաձայնեցին մի այնպիսի սուտ, որը կարող էր զարմացնել անգամ տգետ ազերիներին, առավել եւս՝ նախկինում Արցախում բնակված ադրբեջանցիներին։ Նա ասաց՝ «հայերի կազմակերպած էթնիկական զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնագաղթի ենթարկվեց ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի»… Տեսնես ադրբեջանցիներից որեւէ մեկը կլինի՞, որ հարցնի՝ «բայց, ներողություն, քանի՞ մարդ էր բնակվում Լեռնային Ղարաբաղում կռիվներից առաջ»։

Այնպես որ, կարելի է քաջալերել ազերիներին, այս անգամ՝ ադրբեջաներեն. յախշի, յախշի։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ