Հարցաքննվել է ադրբեջանցի ռազմագերին (տեսանյութ)

50

ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է հայկական զինված ուժերի կողմից  գերեվարված ադրբեջանցի ռազմագերու հարցաքննության տեսանյութը:

Ադրբեջանցի  Էմին Բախշալիևը հարցաքննության ընթացքում նշել է, որ իրեն նորմալ է զգում, օրվա ընթացքում իրեն երեք անգամ կերակրում են, ջուր են տալիս: «Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան: Ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս փոխվում է»,- ասել է նա:

Էմին Բախշալիևը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք: «Սույն թվականի ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնց ավարտից հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմ է մնացել Ադրբեջանում: Նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը: Թուրքիայից ժամանած զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել, այլ ծառայության բերումով տեսել եմ, որ մյուս ստորաբաժանումների հետ նույնպես նշված Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ: Մեր զորամասի ողջ անձնակազմի հետ ընդհանուր 10-15 օր են անցկացվել նշված մարտական պատրաստության դասընթացները: Թուրքերը, երբ մեր զորամաս են ժամանել, մեզ ասել են, որ պատրաստվենք, որ լեռներում պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցկացվեն: Մենք տարբեր ստորաբաժանումներով մարտական պատրաստականության դասընթացներ ենք անցկացրել լեռներում, մեզ ասվել է, որ պատրաստվենք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու, հայկական դիրքերի ուղղությամբ»,- պատմել  է ադրբեջանցի ռազմագերին և ավելացրել, որ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել՝ փակցված համազգեստի վրա:

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-21-ը զորամասի իրենց գումարտակով դուրս են եկել զորամասից և «Կամազ», «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով շարժվել են Գյուլիստանի ուղղությամբ: «Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու, այսինքն՝ հայկական դիրքերը դատարկ են՝ 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում:  Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ: Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել, թե կոնկրետ ով է կառավարել, չեմ տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել»,- ասել է Բախշալիևը:

Բախշալիևը  պատմել է, որ կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են և քաղաքացիական բնակավայրերի ներսում, տների բակերում, որտեղ ապրում են քաղաքացիական բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում: «Այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել»,-ասել է ռազմագերին: