Մենք ինչ-որ տեղ նահանջում ենք, շատ տեղերում էլ փախուստի ենք մատնում հատուկ ջոկատայիններին

105

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ի երեկոյան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է , որ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են թշնամու դիվերսիոն խմբերի փնտրման եւ ջախջախման աշխատանքները: Հակառակորդը որոշ գյուղերում նույնիսկ թողել է մեքենաները եւ փախել, իսկ  որոշ գյուղերում մարտերը դեռ շարունակվում են։

«Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո,  նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ էլ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հարավ-արևելյան ուղղություններով թշնամին լայնածավալ գործողություններ է իրականացրել՝ միաժամանակ հրետակոծելով Արցախի բնակավայրերը:

«Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկային կյանքն ավելի թանկ է: Պատերազմը ծանր է, լարված, բայց անելանելի չէ: Հայ գեներալն ավտոմատը ձեռքին՝ կռվում է շարքային զինվորի հետ: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Այլընտրանք չկա»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը: