Հոգեբանական պատերազմը և դրան հակազդելու կանոները

92

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Դեմոյանը իր ՖԲ էջում գրում է, –

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԵՎ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ

Թշնամին այլևս չունի հարվածային այն թափը, որը հնարավորություն կտա լեռնային ծանր մարտեր վարել և բեկում մտցնել ռազմական գործողություններում։ Հարձակման տեմպը պահելու ջղաձգումներին զուգահեռ, թշնամին չի թուլացնում հոգեբանական պատերազմի բոլոր կանոններով հայկական զինուժի ու թիկունքի դեմ տարվող հատուկ մշակված գործողությունների կիրառումը։

Այդ նպատակով վարձվել է լրագրողների, լրատվամիջոցների ու ինքնահռչակ ռազմական “փորձագետների” պատկառելի մի բանակ՝ հայկական կողմի դեմ հոգեբանական պատերազմ վարելու համար։ Հոգեբանական պատերազմի մարտավարությունն իրականացվում է թուրքական բանակի՝ հոգեբանական պատերազմ վարելու հատուկ ստորաբաժանումների կողմից մշակված ծրագրով։

Տեղեկատվական ու հոգեբանական գործողությունները հայկական կողմի դեմ իրականացվում են անդադար և մեզանից է կախված դրա չեզոքացման արդյունավետությունը։Ինչպե՞ս չեզոքացնել այս քայքայիչ գործողությունների հնարավոր հետևանքները։

1. չենք դիտում ադրբեջանցիների կողմից ուղարկված ՑԱՆԿԱՑԱԾ տեսանյութ և չենք տարածում դրանք սոցցանցերով

2. ցանկացած տեղեկություն ստանալիս փորձում ենք ստուգել դրա սկզբնաղբյուրն ու փորձում վերլուծել դրա վստահելի լինելն ու ճշմարտացիությունը

3. ձեռնպահ ենք մնում սենսացիոն և ցնցող լուրեր տարածելու գայթակղությունից և այդ կերպ տեղեկացված անձ ներկայանալու ցանկությունից

4. հեռախոսազրույցների ժամանակ որևէ տեղեկություն չենք հաղորդում ռազմական գործողություններին կամ թիկունքի առօրյա իրադարձությունների մասին, որոնք կարող է հետաքրքրություն առաջացնել թշնամու համար

5. ադրբեջանցի կամ թուրք օգտատերերի հետ վիրտուալ առճակատումների ժամանակ սադրանքների չենք տրվում

6. գրառումների տակ լացող սմայլիկ տեղադրելով և այդ կերպ Ձեր հույզերն ու ապրումները ներկայացնելով, որևէ կերպ չեք աջակցում բանակին, այլ ճիշտ հակառակը՝ թշնամու մոտ տպավորություն եք ստեղծում, որ իրենց գործողությունները ցանկալի արդյունք են տալիս

7. այս օրերին հեռախոսներով լուսանկարելիս կամ լուսանկարվելիս ուշադիր ստուգում ենք լուսանկարի բովանդակությունը և փորձում ենք հասկանալ արդյո՞ք այն չի արձանագրել որևէ դրվագ կամ պահ, որը կարող է հետաքրքրել թշնամուն։

8. փորձում ենք հնարավորինս պահպանել սառնասրտություն և լավատեսություն՝ գիտակցելով, որ այդ կերպ աջակցում ենք առաջնագծի զինվորին, իսկ թշնամուն հստակ ուղերձ ենք տալիս, որ որևէ խուճապային իրավիճակ թիկունքում չկա։

Առայժմ այսքանը։