«Ինձ բացակա չդնեք». Հրաժեշտ Վահան Քոչարին

97

Երեք օր առաջ հարազատներն ու ընկերները վերջին հրաժեշտը տվեցին մեր լավագույն պոլիգրաֆիստներիցՙ դիզայներ-լուսանկարիչ եւ հայ լուսանկարչական արհեստ-արվեստի ամենալավ հետազոտող Վահան Քոչարին: Կորցրեցինք բարձր ճաշակի տեր, ոգեւորության մեջ հախուռն, ընկերական կյանքում մաս-մաքուր, բուխ-սիրտ մի մարդ, ուղնուծուծով ստեղծագործ մի ընկեր, որը ազնվական շառավիղն էր հռչակավոր Անդրանիկ Քոչարի պես մարդու:

Արհեստական ոչինչ կար նրա մեջ, անպաճույճ իր պահվածքում, սովորական արհեստավորի պես հասարակ եւ անմիջական: Սակայն, միաժամանակ, երազող, այն տեսակիցՙ որը միշտ հետամուտ է երազն իրականություն դարձնելու: Այդպես է, որ նա իրականացրեց հայ լուսանկարիչների հանրագիտարանըՙ Պոլսից մինչեւ Իզմիր ու Վան, Երեւանից, Շուշիից, Թավրիզից մինչեւ Թեհրան, Հալեպից, Դամասկոսից, Երուսաղեմից, Հայֆայից, Բեյրութից, Ամմանից, Կահիրեից, Ալեքսանդրիայից, Թիֆլիսից, Բաքվից, Նոր Նախիջեւանից, Օդեսայից մինչեւ Փարիզ, Մ. Նահանգներ ու Կանադա հայկական լուսանկարչատների, նույնիսկՙ յուրաքանչյուրի դրոշմակնիքի ու լոգոյի փնտրտուքն ու հետազոտումը: Վիթխարի մի հավաքածո, որի ընդամենը մեկ-երրորդն է պարփակում փառավոր այն ալբոմը, որը կոչվում է «Հայ լուսանկարիչներ»:
Վահան Քոչարը «Ազգ»ի հիմնադիր կազմից էր, թերթի առաջին ձեւավորողը եւ համակարգչային տառատեսակների ստեղծման մեջ Պավել Դալլաքյանի առաջին խորհրդատուն: Նա միշտ մնաց մեր թերթի բարեկամը, ընկերը եւ, ստեպ-ստեպ, նրա հոդվածագիրը:

Հարազատների ու բոլոր ընկերների հետ սգում ենք Վահանի մահը, հպարտանում ենք նրա վաստակով, մխիթարվում նրա մտերմությունը վայելած լինելու պատեհությամբ:

«ԱԶԳ»

Վահան Քոչարն իսկական հրաբուխ էր: Նրանից լավայի նման հորդում էր եռացող, տրոփող կյանք ու կենսասիրություն, անհագուրդ կիրք գեղեցիկի հանդեպ իր բոլոր դրսեւորումներովՙ մարդկային հարաբերություններից մինչեւ գաղափարներ ու ծրագրեր, բարձր արվեստից մինչեւ առտնին գործեր: Նրա արտիստիկ ձեռքն ու հայացքը առօրյայից ձեւավորում էին մի աշխարհ, որտեղ տիրում էին իր սահմանած կարգն ու համոզմունքները, որոնք նա անբեկանելի սկզբունքայնությամբ պաշտպանում էր կուրծքը դեմ տված:

Նա ինքն արդեն որպես մարդ կարծես արվեստի գործ լիներՙ ինքնատիպ, հմայիչ ու անմոռաց: Նրա հետ կարող էիր վիճել, չհամաձայնել ու չընդունել, սակայն անտարբեր լինելՙ երբեք, որովհետեւ Վահանը դիմացինին ստիպում էր շարժվել ու գործել:

Խորհրդային տարիներինՙ 1970-ականների վերջերից մենք միասին աշխատում էինք Թերթերի եւ ամսագրերի հրատարակչության տպարանում, որ այն ժամանակ անվանում էին նաեւ Կենտկոմի տպարան: Նա գործի բերումով ձեւավորում էր զանազան բրոշյուրներ, պլակատներ ու կատալոգներ, իսկ եսՙ սրբագրում տեքստերը: Ինչքան էլ կարեւոր-անկարեւոր լիներ գործըՙ հիշում եմ Վահանի բծախնդիր աշխատանքը տպագրվելիք նյութի յուրաքանչյուր տարրիՙ պատկերազարդման, տեքստի ձեւավորման եւ տառատեսակի ընտրության հարցում:

Այդ տարիներին մեր գրահրատարակչությունը կարիք էր զգում նորացման թե՛ ձեւավորման, թե՛ տառատեսակների եւ թե՛ տեխնիկական կատարման առումներով: Վահանը տպարանում նորարարներից մեկն էր վաղամեռիկ նկարիչ Վիգեն Թադեւոսյանի հետ մեկտեղ, որը ձեւավորում էր «Գարուն» ամսագիրը:

Երբ 1990թ. վերջերին հիմնադրվում էր «Ազգ» թերթը, Վահանը հրավիրվեց որպես թերթի նկարիչ-ձեւավորող: Հատկապես սկզբնական շրջանում Վահանը որոշիչ դեր էր խաղում թերթի յուրաքանչյուր համարի էջադրման, լուսանկարային եւ վերնագրերի ձեւավորման գործում, մինչեւ որ հայ տպագիր մամուլի նորարար Պավել Դալլաքյանը մշակեց էջադրման ստանդարտ ձեւՙ համակարգչային ծրագիր:

Սակայն հետագայում Վահանի կյանքի հիմնական գործը դարձավ հորՙ գեղարվեստական լուսանկարչության մեծ վարպետ Անդրանիկ Քոչարի ստեղծագործական եւ արխիվային հարուստ ժառանգության վերհանումն ու հոր պատվիրանների իրագործումը:

Ով-ով, եթե ոչ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնված ու մեծացած Անդրանիկ Քոչարը լավ գիտեր համաշխարհային լուսանկարչության պատմության եւ ժառանգության մեջ հայերի գրաված պատվավոր տեղը: Պատմական հանգամանքների բերումով, 19-րդ դարի կեսերից սկսած այդ արհեստը եկել էր լրացնելու ճարտարապետության, մանրանկարչության, գորգագործության, ակնագործության շարքը, որով հայերն ավանդաբար զբաղվում էին Միջնադարում եւ նոր ժամանակներում: Միջին Արեւելքում եւ Միջերկրածովյան ավազանում մեծամասամբ հայերն էին, որոնք տարածեցին եւ զարգացրին լուսանկարչությունը: Իրենց հմտության շնորհիվ շատ երկրներում դառնալով պալատական լուսանկարիչներՙ նրանք թողեցին այդ երկրների պատմության պատկերային արժեքավոր վկայություններ, որոնք պատմում են ինչպես պետական-քաղաքական կյանքի, այնպես էլ դրանց բնակիչների կենցաղի, սովորույթների, արհեստների, հագուկապի ու նիստուկացի մասին:

Հայերը տվեցին համաշխարհային հայտնի անուններՙ Աբդուլլահ եղբայրները Օսմանյան կայսրությունում, Անտուան Խան Սեւրյուգինը Պարսկաստանում, Բոյաջյանները Եթովպիայում, եւ այլք: Հետագայում հայերն այս ասպարեզում անուն հանեցին նաեւ Ամերիկայում եւ Եվրոպայումՙ հռչակավոր Յուսուֆ Քարշը, Իդա Քարը, Կանադայումՙ Կավուքը, «Ստամբուլի աչք» Արա Գյուլերը, որոնց ստեղծագործությունները դասվում են համաշխարհային լուսանկարչական արվեստի լավագույն գործերի շարքում:

Հայրենիքում հաստատված եւ արդեն անուն հանած Անդրանիկ Քոչարը համոզված էր, որ այս վիթխարի ժառանգությունն արժանի է իր տունն ունենալու Երեւանումՙ լուսանկարչության ազգային թանգարանի տեսքով: Նա երազում էր նաեւ այդ հարուստ պատմության վերաբերյալ հրատարակել ծավալուն ուսումնասիրություն:

Վահանը հասցրեց իր պաշտելի հոր, իր ուսուցչի այս պատվիրանները մասնակիորեն իրագործել: 2007թ. իր վաղեմի մտերիմ ընկեր, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ նա տպագրեց «Հայ լուսանկարիչներ» ծավալուն պատկերագիրքը, ուր ամփոփված են տարբեր շրջանների եւ երկրների 480 հայ լուսանկարիչների մասին տեղեկություններ եւ պատկերներ:

Վահանն ընդհուպ մոտ էր նաեւ լուսանկարչության թանգարանի ստեղծմանը, 5-6 տարի առաջ նույնիսկ այդ մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել Երեւանի քաղաքապետարանի հետ: Մեր վերջին հանդիպումների ժամանակ, երբ արդեն հիվանդությունն իրեն զգացնել էր տալիս, փոխնիփոխ հավատով ու հուսալքությամբ նա անընդհատ խոսում էր դրա մասին: Դիմելով զանազան հաստատությունների եւ տեսնելով, որ իր սպասելիքները չեն արդարանում, արդեն ծանր հիվանդ Վահանն արեց իր վճռական քայլըՙ անցյալ տարի սեփական տանը (Երեւանի Ավետ Ավետիսյան թիվ 19 հասցեում) սեփական միջոցներով բացեց Անդրանիկ Քոչարի անվ. լուսանկարչության թանգարանը:

Որդին հոր առաջ կատարեց իր պարտքը: Մեր վերջին հանդիպումների ժամանակ հիվանդության մահճին գամված Վահանն ասում էր, թե ոտքի կանգնելուն պես պիտի ընդարձակի թանգարանի սրահները նոր շինություններով, որովհետեւ կուտակված ժառանգությունն ու ցուցադրելիքները շատ մեծ են ու հավելյալ տեղ են պահանջում:

Անցյալ սեպտեմբեր 12-ին այդ մասին նա առիթ ունեցավ խոսելու նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, Նախագահականի բակում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» ցուցահանդեսի բացման ժամանակ: Նախագահը համամիտ էր, որ այդպիսի թանգարանը կարող է դառնալ թե՛ այդ բացառիկ ժառանգության պահպանման եւ ուսումնասիրման կենտրոն, թե՛ ունենալ կրթական եւ տուրիստական ուղղվածություն:

Եթե անկեղծ լինենք, այսօր Երեւանի Ավետ Ավետիսյան թիվ 19 հասցեում պատսպարված Անդրանիկ Քոչարի անվ. լուսանկարչության թանգարանը թե՛ տեղանքով, թե՛ ծավալներով չի համապատասխանում այդ առաքելությանը: Կարծում ենք, որ Հայաստանում ինչպես պետական գերատեսչությունները, այնպես էլ հասարակական եւ մասնավոր սեկտորը կարող են եւ պարտավոր են իրենց ջանքերը համադրել մայրաքաղաքի ավելի բանուկ մասում այդպիսի կարեւոր կենտրոնի ստեղծման հարցում:

Հոկտեմբերի 17-ին մեծ երազող Վահան Քոչարը կնքեց իր մահկանացուն: Մահվան մահճում նրա դեմքը գեղեցիկ էր սրբապատկերի նման, խոհուն ու հանդարտ: Այդ ազդու պատկերը մեզ անընդհատ հիշեցնել է տալու, որ մենք պարտավոր ենք ավարտին հասցնելու նրա կիսատ թողած գործը:

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

Քնով չանցնեք, չքնեք:

Քնեցիք էլ, արթնացաք,

Ինձ բացակա չդնեք:

Համո Սահյանի այս խոսքերը Վահանի հուղարկավորությանն արտասանեց նրա թոռ տասնմեկամյա Վահան կրտսերըՙ ի հիշեցում եւ ի պատվիրան մեզ:

Նկար 1. 1991թ. «Ազգ» թերթի ակունքներում: Աջիցՙ Վահան Քոչարը, ձախիցՙ Համլետ Գասպարյանը եւ արձակագիր ու լրագրող Շաքե Վարսյանը:

Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆ