Այսօր պետք է զինկոմիսարիատների առջև 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով. Փաշինյան

70

«Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն պատրաստ չէ Ղարաբաղի կապիտուլյացիայի, ինչին ձգտում է Ադրբեջանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ հարցի լուծման մի տարբերակ կա, որ յուրաքանչյուր հայ այս օրակարգին նվիրված լինի նույնչափ, որքան նվիրված կանգնած են զինվորները առաջնագծում:

«Մենք առյուծի նման տղերք ունենք եւ մենք նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իհարկե, պատերազմը դաժան է, պատերազմում փլավ չեն բաժանում,  պատերազմը բերում է քաոսային իրավիճակներ, բայց բոլորը պետք է իմանան, որ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային ամենասուր պարսավանքի եւ որևէ պատճառաբանություն չի ընդունվելու: 

«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել, ինչը չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինենք փոխզիջման: Ընդհակառակը, որպեսզի փոխզիջման հասնելու հնարավորություն ունենանք, մենք պետք է կանգնենք: Եթե մենք բոլորս կանգնեցինք, կին-տղամարդ, Հայաստանում, Սփյուռքում, մենք կկարողանանք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել: Չկանգնեցինք, փախչելու տեղ էլ չի լինելու: Մենք մեր շահերի եզրագծին ենք: Այսօր ամբողջ պետությունը, բոլոր քաղաքացիները պետք է պատերազմական ռեժիմի մեջ լինեն. այսօր պետք է զինկոմիսարիատների առջև 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով: Շատ լավ է,  կամավորագրումը գնում է»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: