«Նախ Արցախի ապագան որոշվում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագիրը որոշողը: Հետեւաբար, որեւէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է: Մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու: Երկրորդ, տասամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը եւ ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որեւէ տեսանելի ապագայում:
Դրա վառ ապացույցը այս պատերազմի ընթացքում դրսեւորված ատելության մեծ ալիքն է հայության հանդեպ, այդ թվում նաեւ սոցիալական մեդիայում, երբ իրենք հրապարակում են որեւէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների վերաբերյալ անմարդկային վերաբերմունքի, տեսնում ենք, թե ինչպիսի խրախճանք է տիրում ադրբեջանական հասարակության մեջ: Օր առաջ պետք է այս ատելության քարոզը դադարեցնել, եթե իրենք մտածում են հարեւանություն անելու մասին»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը ևս պատասխանատվություն է կրում այդ ատելությունը հանդուրժելու համար, ատելություն, որ ակնհայտորեն մի օր պետք է պայթեր:
Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրել է, որ շուտով միջազգային համապատասխան կառույցներին կուղարկվի երկրորդ փակ զեկույցը, որտեղ ներկայացված են լինելու Ադրբեջանի անմարդկային քայլերն ու գործողությունները հայերի նկատմամբ: