Ստեփանակերտ. Կոնֆլիկտի ակունքների մասին ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել

40

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների առանցքային ասպեկտ դարձավ հակամարտության նախապատմության նրա գնահատականը: Ինչպես հայտնում է News.am-ը, ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Պուտինի կողմից «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ արված հայտարարությունները:

«Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները կարելի է իսկապես նշանակալի իրադարձություն անվանել: Ռուսաստանի և նույնիսկ Ղարաբաղյան շարժման ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը գնահատական է տալիս կոնֆլիկտի ծագման պատճառներին: Մինչ այդ պետության ոչ մի ղեկավար երբեք իր և իր երկրի կարծիքը չի հնչեցրել կոնֆլիկտի ակունքների առնչությամբ»,-նշեել է Դավիթ Բաբայանը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանն ու Ադրբեջանն անվանեց  հավասար գործընկերներ: Այդպիսով, նա ընդգծեց հակամարտության պատճառների և դրա կարգավորման առնչությամբ իր և Ռուսաստանի Դաշնության գնահատականի օբյեկտիվությունը: Մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսքը. «Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ: Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք»: Դա շատ կարևոր փաստի արձանագրում է, թե ով է կոնֆլիկտի մեղավորը: Այդ գնահատականը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել, որը նման դաժան հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ անցյալում և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը, ինչի ապացույց են վերջին օրերը՝ գերեվարված հայերի խոշտանգումներ և սպանություններ, զոհված զինորների մարմինների նկատմամբ անարգանք»,-հայտարարել է Դավիթ Բաբայանը:

«Ինչ վերաբերում է տարածքների մասին Պուտինի կողմից հնչեցրած հարցին, ապա մնացած հարցերը՝ տարածքներ, սահմաններ, կարող են քննարկվել բացառապես բանակցությունների ժամանակ: Ագրեսիայի և պատերազմի պայմաններում քաղաքական բաղադրիչի մասին խոսելն ավելորդ է»,-եզրափակել է  Դավիթ Բաբայանը: