Ոստիկանությունը խստորեն իրականացնելու է հակահամավարակային կանոնների վերահսկման բոլոր գործառույթները

46

ՀՀ  Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում շեշտվում է. «Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:
Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:
Նման իրավիճակն անհանդուրժելի է:
Ոստիկանությունն այսօրվանից այս ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի:
Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները:
Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:
Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»: