Չեխական հասարակությունը աջակցում է հայ ժողովրդին, կառավարությունըՙ լռում

68

[202003308.jpg] [202003307.jpg]

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը լայն լուսաբանվեց չեխական մամուլում եւ հեռուստատեսությամբ: Եթե պատերազմի առաջին օրերին ձգտում կար հավասարության նշան դնել երկու կողմերի միջեւ, ապա մի քանի օր անց թե՛ մամուլում, եւ թե՛ հեռուստատեսությամբ հիմնականում հավասարակշռված հրապարակումներ ու հաղորդումներ էին թողարկվում:

Պետք է ասել, որ լայն դատապարտման արժանացավ ոչ միայն Սիրիայից վարձկանների օգտագործումը Թուրքիայի կողմից, այլեւ Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրթիռակոծումն ու Շուշիի եկեղեցու ռմբակոծումը: Սակայն մինչ օրս կառավարական մակարդակով որեւէ հայտարարություն չի եղել: Արտգործնախարարն է բանակցելու կոչ արել, իսկ նախագահ Զեմանի մոտ կայացած բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին:

Իհարկե կորոնավիրուսի դեմ պայքարը եւ տեղական ու սենատի մասնակի ընտրություններն այդ ամենի վրա իրենց դերն ունեցան: Նույնիսկ խոհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների կոմիտեների հայտարարություններում Թուրքիայի աջակցությունը դատապարտելու ոչ մի խոսք չկար: Ավելի կոնկրետ էր սենատորների որոշումը, որով կոչ էր արվում Չեխիայի կառավարությանը շտապ օգնություն ուղարկել ռմբահարումներից տուժած մայրերին ու երեխաներին, եւ ավելի ակտիվ կոչ անել Մինսկի խմբի համանախագահ երկրներինՙ դադարեցնելու պատերազմը: Քրիստոնյա հայ ժողովրդին աջակցելու ու խաղաղության կոչերով հանդես եկան Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան եւ Պրահայի փոխքաղաքապետ Յան Վուլֆը, որոնք հիշատակեցին նաեւ 100 տարի առաջ ցեղասպանված հայ ժողովրդի տառապանքները:

Չեխահայ համայնքն առաջին իսկ օրվանից կազմակերպեց դրամահավաք, որի արդյունքում Հայաստան հիմնադրամին ուղարվեց 21 հազար դոլար, եւ եւս 40 հազար դոլար ուղարկվեց ուղիղ փոխանցումների միջոցով: Դրամահավաքը շարունակվում է եւ ամսվա վերջին հավաքված գումարը կրկին կուղարկվի հիմնադրամին: Հայ համայնքի եւ անհատների անունից բազմաթիվ դիմումներ են ուղարկվել Չեխիայի ղեկավարներին եւ խորհրդարանականներին, միջազգային կառույցներին, որոնց ամենօրյա տեղեկատվություն է ուղարկում նաեւ Հայաստանի դեսպանությունը: Հայաստանին ու Արցախին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ նախկին պատգամավոր Ռոբին Բյոհնիշը եւ սենատոր Յարոմիր Շտետինան, նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, նշելով, որ ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը:

Համավարակի պայմաններում հայտարարված արտակարգ դրությամբ իրավունք էր տրվում բացօթյա ակցիաներ անկացնել միայն 20 հոգու մասնակցությամբ: Ուստի մեծ ցույցի փոխարեն, հայ երիտասարդները Պրահայի կենտրոնական հրապարակում Չեխիայի իշխանություններին ուղղված լռության հսկում կազմակերպեցին, որը լուսաբանվեց նաեւ չեխական մամուլում: Ավելինՙ մի քանի օր անց նմանատիպ ակցիա կազմակերպեցին նաեւ Միլանի հայերը: Հայ համայքի ակտիվ անդամները հարցազրույցներով հանդես եկան չեխական մամուլում:

Ամեն դեպքում չեխահայերը շարունակում են իրենց բողոքի նամակներն ուղարկել ղեկավար մարմիններինՙ պահանջելով Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ազդեցությամբ վերջ տալ հայ ժողովրդի մի նոր ցեղասպանությանը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա