ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Ինդիփենդնթի»-ին տված հարցազրույցում Ալիևի կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն է որակել

106

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին տված հարցազրույցում քննադատել է Ալիևի վարչակազմն ու նրա կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն անվանել։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։«Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կարող է ստիպել հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում: Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Ըստ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստացել է իր ժողովրդին, որ երբ ցանկանան կարող են շատ արագ գրավել Արցախը։ Սակայն հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը` ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ։ Սարգսյանը «Ինդիփենդնթ»-ին ասել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը ոչ միայն մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին, այլև վկայում են, որ ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատեղ:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանին հաջողվել է 25 տարիների ընթացքում զսպել հակամարտությունը, բայց նրա իրավահաջորդի իշխանության օրոք արդեն երկու մեծ բախում է տեղի ունեցել, Սարգսյանն ասել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները, ընդգծելով, որ Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներսում համախմբված լինել։ «Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ