Արայիկ Հարությունյանի հրամանով Մենուա Հովհաննիսյանն արժանացել է “Արցախի հերոս” կոչման

133

Սիրելի ՛ հայրենակիցներ

Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից:

Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:

Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Արմենի Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:

Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:Հ.Գ.Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը: