ՌԴ նավատորմը վարժանքներ է սկսել Կասպից ծովում(տեսանյութ)

120

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի 20 նավեր Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) հանկարծական ստուգման շրջանակում վարժանքներ են սկսել Կասպից ծովում, որտեղ ծովային, առափնյա եւ օդային թիրախների վրա հրթիռային եւ հրետանային համալիր կրակոցներ են կատարում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով ՀՌՇ-ի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ վարժանքներին մասնակցում են 20-ից ավելի մարտական ռազմանավեր եւ ապահովման նավեր, այդ թվում` հրթիառային «Դաղստան» ռազմանավը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային ռազմանավերը, «Վոլգոդոնսկ», «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը, բազային եւ մարտարշավային ականազերծիչներ, հակադիվերսիոն «Պ-351», «Գրաչոնոկ» ռազմանավակները, ինչպես նաեւ հիդրոգրաֆիական ծառայության եւ օժանդակ տորմիղի նավեր:

Նշվում է նաեւ, որ անձնակազմերը ՀՌՇ ավիացիայի մասնակցությամբ երկկողմանի ռազմածովային վարժանքներ կանցկացնեն երկու նավային մարտավարական խմբերի հետ:

Վարժանքների անցկացման ժամանակաշրջանում ծովագնացության անվտանգությունն ապահովելու համար մոտ 1,5 հազար ծովային մղոն (2,5 հազար կմ-ից ավելի) ընդհանուր երկարությամբ ծովային հրաձգարանը քաղաքացիական նավագնացության համար փակվել է: