Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին. Արցախի ԱԳՆ

127

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտնել էր Վաշինգտոնի դիրքորոշումն արցախյան պատերազմի մասին. «Վաշինգտոնը հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Լեռնային Ղարաբաղում»: Նրա խոսքով` հակամարտությանը միջամտել է Թուրքիան, որը ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով Ղարաբաղում բախումների սրությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն արձագանքել է պետքարտուղար Պոմպեոյի դիրքորոշմանը:

«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսլականն առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ:

Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի՝  մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»: