Պատմում է բժիշկը

39

Մանկական վնասվածքաբան Արա Այվազյանը, որ Արցախում բուժօգնություն է ցույց տալիս վիրավորներին, ֆեյսբուքյան էջում պատմում է մեր տղաներից մեկի մասին.

 Այնքան հերոսական վարքագծով տղաներ կան, որոնցից շատերի մասին մարդիկ ուղղակի չգիտեն:

Ուզում եմ ձեզ պատմել հզոր ոգով մի բացառիկ զինվորի մասին, որը պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում էր: Հրետանակոծության ժամանակ  մեծ բեկորը վնասել էր պարանոցը, պատռված ու այրված մեծ մակերեսներ առաջացրել, որոնք երկար ժամանակ  չբուժելու դեպքում կարող էին վտանգի տակ դնել նրա կյանքը: Բայց բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում համոզել նրան, որ վերադառնա դիրքերից: Մի քանի անգամ այլ վիրավորների տեղափոխելիս նրան  ևս նստեցրել են մեքենա՝ հիվանդանոց տեղափոխելու համար, բայց փախել է ու հրաժարվել է թողնել իր ընկերներին:

Այնուհետ ստիպված հատուկ իր համար մեքենա է ուղարկվել, ու տեղի բժիշկները մի կերպ համոզել են, որ գա հիվանդանոց: Ի վերջո համաձայնել էր պայմանով, որ գա վիրակապվի ու նույն օրը վերադառնա առաջնագիծ:

Վիրակապելուց հետո ստիպված եղանք ուղղակի իրեն տալ բոլոր անհրաժեշտ դեղորայքն ու բացատրել՝ ինչ պիտի անի, քանի որ կտրականապես հրաժարվեց մնալ հիվանդանոցում ու նորից վերադարձավ դիրքեր:

Նման անձնվեր զինվորների տեսնելուց հետո ուզում ես կրկնապատկել ու եռապատկել ջանքերդ, անել նույնիսկ անհնարինը հաղթանակին նպաստելու համար: Նման ուժեղ ու անպարտելի տղաներ են կանգնած սահմանին:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ