Հատուկ ծառայությունների աշխարհից

49

«Դոսյե». II մաս

Տեղեկատու աղբյուրների որոնում եւ ձեռք բերում, տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, գաղտնակյաց տեխնիկական միջոցառումներ, գործակալական ցանց, վստահելի անձինք, ազդեցության գործակալների ձեռք բերում եւ օգտագործում, ագիտացիոն աշխատանք, – ահա՛ հատուկ ծառայությունների աշխատանքի ոչ լրիվ արսենալը:

Եվ սա պետք է բոլոր պետություններին, անխտիր, անպայման, նույնիսկ եթե աշխարհի բոլոր երկրների հետ սերտ բարեկամական կապեր ունես: Ցավոք այդպես չի լինում, կան գեոքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական շահեր, կրոնադավանանքային, պատմական, տարածքային խնդիրներ եւ այլն, եւ այլն: Իհարկե, բարեկամ, դաշնակից երկրներ պետք են, ինչպես նաեւ գործընկեր եւ հատուկ ծառայություններ են պետք, նամանավանդ Հայաստանին, որի աշխարհագրական դիրքը եւ որոշ հարեւանների առկայությունը, մեղմ ասած, շատ խնդրահարույց է:

«Դոսյե» կենտրոնը, որը ստեղծվեց «ճիշտ ժամանակին», «ճիշտ տեղում» եւ իհարկե ոչ առանց հատուկ ծառայությունների օգնության (ընթերցողս գլխի կընկնի, որ հետախուզությունների մասին է խոսքը) լավ տեղեկացված է, ունի տվյալների լավ բանկ, լավ վերլուծություն եւ «ճիշտ ժամանակին» Հայաստանի ներքաղաքական դաշտը նոր ցնցումների է ենթարկում:

Ցուցակներ, անուններ, անձնագրերի պատճեններ, կեղծանուններ, «Սվետլանա Մաքսիմովնա», «Թեկնածու», հետախուզության գեներալ (պաշտոնաթող) Վլադիմիր Չեռնով, գլխավոր հետախուզական վարչության սպա Վալերի Չեռնիշով, եւ այլն, եւ այլն:

Ներեցեք, իսկ ով չգիտի, որ Հայաստանի տարածքում աշխատում են օտարերկրյա հետախուզության ռեզիդենտուրաները (կայանները), ինչպես լեգալ, այնպես էլ ոչ լեգալ:

2019թ. հուլիսի վերջին (տե՛ս «Ազգ» 30, «Լրտեսական պատերազմները խորանում են»), Թեհրանում (Իրան) կայացած ասուլիսի ժամանակ Տեղեկատվության նախարարության (ԻԻՀ Հատուկ ծառայություն) բարձրաստիճան սպան հայտարարեց, որ երկրի անվտանգության ուժերը բացահայտել են լրտեսական ցանց 17 հոգուց (Իրանի քաղաքացիներ), որոնք աշխատում էին Իրանի կարեւորագույն տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում: Ցանցը հավաքագրվել եւ ղեկավարվում էր ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության կողմից: Փաստվում է, որ իրանցիներից ոմանք հավաքագրվել են ամերիկացիների կողմից Երեւանում, «Կասկադի» շրջակայքում գտնվող ռեստորաններում: Ավելին, իրանական հակահետախուզությունը բավականին երկար ժամանակ աշխատել է այդ նույն տարածքում եւ բացահայտել ու գաղտնազերծել է իրենց դեմ աշխատող լրտեսական ցանցը:

Ամփոփում եմ, Երեւանում հավաքագրվել են, Երեւանումՙ գաղտնազերծվել, աշխատել են այդ հատուկ ծառայությունները իրար դեմ եւ ոչ մեկ օր, կամ մեկ շաբաթ: Եվ ի՞նչ, ոչ ոք շոկի չենթարկվեց, ցնցումներ չեղան, չցնցվեցին նույնիսկ Հայաստանի հատուկ ծառայության դռներն ու պատուհանները: Իսկ ամենահետաքրքրականն այն էր, որ դեռ պարզություն չմտցված, թե ո՞վ ո՛ւմ բարեկամն է, Ադրբեջանի հետախուզության գործակալ, հայտնի լրագրողուհի Նուրանի Խանումը (Թոֆիգախանում Կասիմովան) արդեն հանդես է գալիս իր երկրում խորը վերլուծություններով եւ եզրակացություններով: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ կարծես, թե հակամարտող երկու կողմերն էլ նրան «մուտք» են տվել ամբողջ հետախուզական եւ հակահետախուզական գործառույթներին եւ ավելին, պարզվեց, որ Հայաստանը իր մեղքի բաժինն ունի այդ ամեն ինչում:

Ասելս ի՛նչ է. ո՞վ չգիտի, որ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, դեսպանատների, տարբեր այլ կազմակերպությունների «ծածկի» տակ աշխատում են լեգալ եւ ոչ լեգալ հետախույզներ, նրանք հավաքում են տեղեկատվություն ամեն ինչի եւ ամեն մեկի վերաբերյալ, որը հետաքրքրական է իրենց կառավարությունների համար: Ժամանակ առ ժամանակ հետախուզությունները, ելնելով օպերատիվ-քաղաքական իրավիճակներից, անցկացնում են «ակտիվ միջոցառումներ», որոնք առաջ են բերում «թիրախ» երկրում ներքաղաքական ցնցումներ, սենսացիոն պայթյուններ, հետաքննություններ, մեկնաբանություններ, համացանցի ակտիվացում, տեղից վեր կացողը ներսում թե դրսում սկսում է փիլիսոփայական վերլուծություններ անել, գնահատականներ տալ:

Իմիջիայլոց, դետեկտիվ ժանրի սիրահարներին ծանոթացնեմ մի քանի մոտեցումների: Անգլիայի հատուկ ծառայությունները իդեալական լրտես են համարում երիտասարդ, սպորտային ձիրքով, լավ ծագումով եւ կրթությամբ, բավականաչափ անձնական ունեցվածքով, ուշագրավ արտաքինով, խելամիտ համարձակությամբ, համառության հատկանիշներով աչքի ընկնող, փիլիսոփայական հակումներով մարդկանց: Անգլիական չափանիշներով լրտեսը եթե նույնիսկ կրում է ցինիզմի եւ պճնամոլի դիմակ, իրականում նա նրբազգաց է, զուսպ, հետաքրքրասեր եւ խորագիտակ անձ է:

Ռուսներըՙ թեկնածուի մեջ փնտրում են պրագմատիկ (գործնական բնույթի) եւ դոգմատիկ (առարկություն չընդունող) հատկանիշներ: Այդ թեկնածուն պետք է լինի հնարավորինս մտավորական, կյանքը սիրող, գրքասեր, աշխատասեր, անդրդվելի զուսպ եւ ռեֆլեքսներով լի: Այլ խոսքով ասածՙ ռուսական գործակալը պետք է լինի յուղով լավ օծված ինքնաձիգ, պատրաստ ամեն վայրկյան կրակել եւ գործել այնպես, ինչպես գրված է «դասագրքում»:

Իսկ հիմա ամերիկյան մոտեցումը: Լրտեսը պետք է լինի բարեհոգի: Բայց եւ կոպիտ ինդիվիդուալիստ, պարտադիր չէ, որ նա փայլուն գիտելիքներ ունենա բոլոր ոլորտներում, բայց իր մասնագիտության մեջ պետք է լինի գրեթե կախարդ, ունենա հայտնագործելու մեծ ունակություններ, արկածախնդրություն, ինտուիցիա (ներըմբռնողություն), տարբեր իրավիճակներից «մաքուր» դուրս գալու ընդունակություն եւ մի քիչ էլ «խենթ ու թոկից փախած» հատկանիշներ:

Իհարկե, այս դասակարգումները ժամանակի հետ փոխվում են, մանավանդ գլոբալիզացիայի դարաշրջանում, բայց լավ լրտեսները վերը նշված հատկանիշների մեծ մասը պետք է ունենան եւ այդ անձինք պետք է իրական հավատ ունենան այն ամենի հանդեպ, ինչ անում են:

Ամփոփելով մտքերսՙ առաջարկում եմ մեր հասարակությանը չենթարկվել հիստերիկ բռնկումների, «լրտեսոմանիայի». դա շատ վտանգավոր է, երբ հարեւանը հարեւանի վրա մատնություն է գրում:

Իհարկե կարդացեք, դիտեք, վերլուծեք Ձեր համար, բայց աշխատեք մոտենալ այս ամենին որպես լավ նկարահանված գեղարվեստական ֆիլմի կամ սուր դետեկտիվ վեպի:

Իսկ մասնագետները, որոնք կոչված են աշխատել այս ոլորտում, թող գտնեն խոցելի կետերը, փակեն դրանք եւ առնազն հավասարակշռություն ստեղծեն համապատասխան ոլորտում:

Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետեւ ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, եւ ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի Ձեզ համար:

(Մատթեւոսի Ավետարան 7.1-5)

ՎԵՐՋ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ