Արժանի պատասխան՝ էժան խաղերին

82

Օպերային երգիչ ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Իլհամ Ալիևի նկարն ու գրել, որ հպարտանում է իր երկրի նախագահով:

Հիշեցնենք, որ նա հենց նույն Էյվազովն է, որի անվան հետ կապված է 2020 թվականի տարեսկզբին  տեղի ունեցած սկանդալային մի պատմություն: Դրեզդենի օպերայում հունվարին համերգային հանդիասավոր արարողությունը պետք է բացվեր հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի և Էյվազովի ելույթով, սակայն ադրբեջանցին հրաժարվել էր բեմ դուրս գալ Մանթաշյանի հետ  միայն այն պատճառով, որ նա հայ է:

Իհարկե, Ռուզան Մանթաշյանի ելույթը խափանել նրան չհաջողվեց: Մեր տաղանդավոր սոպրանոն հրաշալի ելույթ ունեցավ Դրեզդենի օպերայում. արդյունքում Էյվազովի անունը խայտառակվեց: Հիմա այս ադրբեջանցին, որը, բոլորին է հայտնի՝ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը լինելու շնորհիվ է «առաջ հրվում», որոշել է խառնվել քաղաքականությանը և իր ահաբեկիչ երկրի ագրեսոր նախագահի PR-ով զբաղվել:

Աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանում բազմաթիվ անգամներ համերգներով հանդես եկած Եվգենի Կիսինն իր մտավոր ու հոգևոր կերտվածքին համապատասխան՝ Էյվազովին պատասխան է տվել:

Եվգենի Կիսինն իր բաց նամակում գրել է. «Որպես տեղեկանք՝ ըստ 2019 թ. Economist Intelligence Unit Democracy Index-ի, Ադրբեջանը ավտորիտար ռեժիմ է և ժողովրդավարության մակարդակով 167 երկրների շարքում աշխարհում գտնվում է 146-րդ տեղում (Զիմբաբվեից, Ռուսաստանից, Վենեսուելայից, Կուբայից և այլ երկրներից ցածր), իսկ համաձայն «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության 2020 թվականի տվյալների, մամուլի ազատության տեսանկյունից Ադրբեջանը աշխարհի 180 երկրներից 168-րդն է (Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից ցածր):

Եվ այդպիսի պետությունն է պարոն Էյվազովը անվանում «մեծ երկիր», նրա հպատակներին՝ «մեծ քաղաքացիներ» և հպարտանում է դրա բռնապետով:

Ես, իհարկե, չեմ ուզում անցնել անձնական վիրավորանքների, հատկապես գործընկերոջ հասցեին, բայց այստեղ ես պարզապես չեմ կարող չհիշել (ոչ թե որպես վիրավորանք, այլ պարզապես հիշեցում) այն հայտնի խոսքերը, որոնք ստալինյան բանտում սիրում էր մեջբերել Բաքվի մեծ բնակիչ Լև Լանդաուն «առաջնորդին և ուսուցչին» գովերգող իր խցակիցների համար. «Ոչ ոք մեղավոր չէ, եթե ստրուկ է ծնվել։ Բայց ստրուկը, որը ոչ միայն խուսափում է իր ազատության ձգտումներից, այլև արդարացնում և գունազարդրում է իր ստրկությունը, այդպիսի ստրուկը վրդովմունքի, արհամարհանքի և զզվանքի իրական զգացում առաջացնող բռի է»»։