Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր. ԱՆ

53

ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն:

«Այդ ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Այդ ամենը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը», – ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաեւ վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին: