Լրատվական սադրանք՝ չսպասված տեղից

167

   Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ներկա աննախադեպ ռազմական ագրեսիան ու արցախահայության անվտանգության խնդիրը շարունակում են մնալ  աշխարհի լրատվամիջոցների ամենօրյա ուշադրության ոլորտում:


   Այս ընթացքում ամեն օր հետեւելով հատկապես ռուսական «Ռամբլեր» լրատվական հանգույցի (պորտալ) լրահոսին, որտեղ տպագրվում են ինչպես իրենց հեղինակների, այնպես էլ այլ լրատվամիջոցների նյութեր, կարելի էր նկատել լուսաբանումներում հակամարտող կողմերի հանդեպ հնարավորինս չեզոքություն պահպանելու եւ նույնիսկ «ոչ մեկին չնեղացնելու» ձգտում: Ընդհուպ մինչեւ ամեն հրապարակման տեքստում կրկնվող «սեպտեմբերի 27-ին Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրեցին նախահարձակ լինելու մեջ» արտահայտությունը: Իսկ ահա երեկոյան բացելով հոկտեմբերի 11-ի լրահոսը՝ անակնկալի եկա, տեսնելով կայքի հենց առաջին նյութի խոշորատառ վերնագիրը՝ «Հայաստանը վրեժ է լուծել Ղարաբաղում անհաջողությունների համար»… Նյութն արտատպված էր Նյուզ.ռու կայքից: Այն բացելուց հետո վերնագիրն ընդարձակված էր՝ «Գյանջայի հրթիռակոծումը. Հայաստանը վրեժ է լուծել խաղաղ բնակչությունից…» եւ այլն: Ու ասում է՝ չնայած հաստատված հրադադարին… Ակնհայտորեն սա ադրբեջանական «մուղամ» էր: Եվ իրոք, երկար շարադրված նյութը «հարստացված էր» Ալիեւի օգնականի մեկնաբանությունների վկայակոչումներով ու  ինչ-որ լուսանկարներով, Բաքվի տեսակետների անվերապահ կրկնությամբ: Նյութի վերնագիրն իսկ, որ դրված էր առանց գոնե չակերտների, ստոր սադրանք է, որի համար մեր պետությունը պետք է հաշիվ պահանջի այն հրապարակողներից:

   Հետո Ռամբլերի նույն էջում այլ նման նյութեր էին գալիս՝ Ալիեւն ասաց…, Ալիեւը բացահայտեց… Եվ ընդամենը մի կարճ հաղորդում Արծրուն Հովհաննիսյանի ասածից: Իսկ դրա նախորդ օրը հրապարակված «Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասնակցության ապացույց է հայտնաբերվել» նյութի հենց վերնագրում այդ «ապացույց» բառը չակերտի մեջ է առնված ու նույն վերաբերմունքը նաեւ տեքստում է, որտեղ ասում են, թե այդ տեսանյութի հավաստիությունը հաստատված չէ: Մի բան, ինչը չտեսանք, որ անեին բացահայտ ադրբեջանաերգ նյութերի պարագայում:


   Նույն օրվա այդ Նյուզ.ռու-ում էլի Ալիեւի խոսքն էր՝ Ալիեւը ռազմական հանցագործություն համարեց… Հետո՝ Ադրբեջանի ՊՆ- հաղորդել է… Հետո՝ Կարմիր գիծ. Բաքվում գնահատական են տվել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչերին… Այստեղ էլ այդ երկրի նախագահի «առաջին տեղակալի» օգնականի խոսքն են ներկայացրել: Իսկ կողքին՝ «Ընթերցողի ընտրությունը» խորագրի ներքո հոկտեմբերի 9-ով թվագրված մի նյութ էլ տեսա առ այն, թե… մեր վարչապետն ինչպես «ձախողել է Կրեմլը կռվի մեջ ներքաշելու փորձը»: Այդպես անթաքույց հենց վերնագրով ասում են՝ առանց աչք թարթելու:
   Ստացվում է, որ մի ռուս լրագրողը իրականությունն իր աչքերով տեսնելու համար մեկնում Արցախ ու ինքն էլ ծանր վիավորում է ստանում, իսկ մյուսը տեղում նստած՝ բացում է ադրբեջանական կայքերն ու կրկնում դրանց գրածը:
   Երեւում է՝ մեր հակառակորդը շարունակում է ակտիվ աշխատել արտաքին լրատվամիջոցների հետ: Հարկ է որ մենք էլ աշխատենք:   
  
                                                                                                                   ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ