Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվելու է մեր պատերազմի հարցը. բոլորս գրանցված ենք. թեժ մարտեր են սպասվում. Մարուքյան

40

Պատերազմը սկսելուց մի քանի օր անց ես խնդրել եմ, որ վարչապետը հանդիպի ԱԺ խորհրդի հետ. պատերազմի մեկնարկից 14 օր անց այդ հանդիպումը երեկ տեղի է ունեցել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ քանի որ հանդիպումը փակ է եղել, մանրամասներ չի կարող հայտնել։

«Վարչապետը ներկայացրել է իրավիճակը, ԱԺ խորհրդի անդամները հարցեր են տվել վարչապետին ու ԱԳ նախարարին։ Այդ հարցերին պատասխաններ են տրվել։ Մտահոգիչ էր թե ոչ, կարծում եմ՝ բոլորս մտահոգված ենք սեպտեմբերի 27-ից սկսած։ Չի կարող պատերազմը մտահոգիչ չլինել։ Իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է եւ մարտի դաշտում որոշվում է մեր պետության, մեր բոլորի ճակատագիրը»,-ասաց նա։

Անդրադառնալով Մնացականյան-Լավրով հանդիպմանը, Մարուքյանը նկատեց, որ դա նախապես պլանավորված հանդիպում է եղել. «Սա ուղղակի եւս մեկ առիթ է օգտագործելու եղած լծակները Մոսկվայում։ Ինչ վերաբերում է հրադադարին, ապա բոլորս գիտենք, որ հրադադարը չի կայացել, եւ մարտերը, պատերազմը հենց հիմա շարունակվում է, թեժ մարտեր են ընթանում Հադրութի մոտ։ Հետեւաբար, հայկական դիվանագիտության անելիքներն այսօր էլ, հիմա էլ շատ են։ Պետք է ամեն ինչ անենք, որ հրադադարը կայանա»։

Նա հավելեց, որ խորհրդարանական ուժերն աշխատում են ամեն մեկն իր լծակներով, «Այսօր 4.30 ԵԽԽՎ-ի ընդլայնված  հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է մեր պատերազմի հարցը։ Գրանցված ենք բոլորս, հույս ունեմ, որ 2-3 ելույթ կկարողանանք ունենալ։ Թեժ մարտեր են սպասվում։ Ինչ վերաբերում է այլ ուղղություններով, ապա ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր բարեկամական խմբի ղեկավար իրազեկում ենք տեղի ունեցողին։

Ես քիչ առաջ գրություն ստորագրեցի, որտեղ ասվում է, որ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության միակ ճանապարհը դառնում է Արցախի անկախության ճանաչումը, եւ դրան այլընտրանք չկա»։

Աղբյուր՝ News.am