Կարմիր խաչն իր օգնությունն է առաջարկում հակամարտող կողմերին

34

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Կառույցը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ժնև (ԿԽՄԿ)․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։

 Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։

Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։