ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ֆինանսական հատվածի դեմ

50

ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ֆինանսական հատվածի դեմ, հայտնում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ Իրանի ֆինանսական հատվածի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր պատժամիջոցներ ահմանելու մասին որոշումը կանդրադառնա մի քանի բանկերի վրա, որոնց վրա նախկինում չեն տարածվել ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցները։ Պարբերականի տեղեկություններով՝ սահմանափակումների վերաբերյալ նոր ծրագրի մասին կարող է հայտարարվել արդեն հինգշաբթի։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մտցնում Իրանի պաշտպանության նախարարության դեմ։ Նաեւ հրաման է ստորագրվել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ մտցնելու է միակողմանի պատժամիջոցներ եւ վերականգնելու է զենքի էմբարգոն։

Իրանը եւ միջազգային բանակցողների «վեցյակը» 2015 թվականի հուլիսին հասել էին իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման պատմական համաձայնության։ Շատ ամիսներ տեւած բանակցություններն ավարտվել էին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջությամբ հանում էր Իրանի դեմ նախկինում սահմանված ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ եւ Եվրամիության տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները։ Նախնական տեսքով գործարքը գոյատեւել է 3 տարուց պակաս․ 2018 թվականի մայիսին  ԱՄՆ-ն հայտարարել էր համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու եւ Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին։

Աղբյուր՝ News.am