Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված. պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվեց

24

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։

Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ դատարանի կողմից մերժման որոշմանը ծանոթ չեն. «Սա այն դեպքերից է, որ իմաստ էլ չկա տեսնելու, թե ինչ է գրել, որովհետեւ որեւէ փաստական տվյալ չէր կարող գրել։ Արձանագրենք, որ վաղը դատական համակարգի հոգեհանգիստն է, որովհետեւ սրանով դատական համակարգը ցույց տվեց, որ եթե Վերաքննիչը մի քիչ կայացած դատարան է, սա էլ երկրորդ անգամ վերահաստատվեց, որ Վերաքննիչ դատարանին շատ ուժեղ են կոտրել։ Կեցցեն ԱԱԾ-ն ու Դատախազությունը, որ արդար դատական համակարգը վերածվեց այս աստիճանի։ Սա դատարանի որոշումը չէր, որովհետեւ դատարանի փոխարեն այս որոշումը կայացվեց»։

Պաշտպան Սարգսյանը նշեց, որ կներկայացնեն նաեւ վճռաբեկ բողոք. «Չնայած Վճռաբեկ դատարանից այլեւս հույս չի կարող լինել, որովհետեւ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես սպառված դատարան է»։

Նշենք որ պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այդ որոշման հիմք էր հանդիսացել քրեական գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը։

Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։

Աղբյուր՝ News.am