Հայտարարություն. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է առաջինը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպեսզի իրավական հիմք տրամադրի իր գործընկեր երկրներին

41

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն նամակով դիմել է ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը:

Դիմումում նշվում է. «Արցախյան գոյամարտում հորդորների, կոչերի ժամանակն անցել  է :

Թշնամին՝ Թուրքիան, ադրբեջանցի խամաճիկներին կռվի մղելով, ձգտում է  թուրքալեզու տարրին միավորել՝ մեկ ազգ- մեկ պետություն գաղափարի շուրջ:

Մենք, հայերս, քաջ գիտակցում ենք, որ նպատակին հասնելու համար, թուրք ոսոխը փորձելու է շարունակել ցեղասպան գործողություններով ոչնչացնել հայ բնակչությունը:Ստեփանակերտի և մյուս քաղաքների արգելված զինատեսակներով ռմբահարությունը դրա վառ ապացույցներից է:

Ստեղծված իրավիճակում, թիկունք կանգնելով մեր փառապանձ բանակի հերոսական պայքարին, ազգային միասնություն ու համերաշխություն դրսևորելով, անհրաժեշտ ենք համարում իրականացնել .

ՀՀ Ազգային Ժողովում անհապաղ հանրային քննարկում կազմակերպել Արցախի Հանրապետության հետ համաձայնեցված նրա ընդունելի կարգավիճակը ճանաչելու համար:

ՀՀ Ազգային Ժողովը ընդունելով Արցախի Հանրապետության ձևավորման օրինականության փաստը, նրա  անկախությունը հիմնավորելով իրավական փաստարկներով, դիմում է ՄԱԿ, ճանաչելու Արցախի Հանրապետության միջանկյալ կարգավիճակը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և արդեն, մասնակցությամբ, ռմբակոծում է խաղաղ բնակչությունը դիմում է Մինսկի Խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, գործնական քայլերի դիմել, խիստ պատժամիջոցներ կիրառել Թուքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պարտադրելով վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Փաստագրական նյութեր, վկայություններ, իրավական ակտեր հավաքագրել, որոնցով հաստատվում է թուրք էթնոսի կողմից XX- րդ  դարում և այս օրերին շարունակվող հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, և պատրաստվել դիմելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքի Միջազգային  դատարան, «հայկական  Նյուրնբերգը» կայացնելու նպատակով:

Միաժամանակ, գտնում ենք, որ դաշնակցային շահերից ելնելով՝  Ռուսաստանը կարող է նախաձեռնել մի շարք շահագրգիռ երկրների, առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կոալիցիայի ձևավորումը՝ կանխելու Թուրքիայի դարավոր  երազանքի իրականացումը: Այն է՝ թուրքալեզու պետությունների միավորումը, Մեծ Թուրանի ստեղծումը և դրանով իսկ նորաձևելով աշխարհաքաղաքական քարտեզը:

Մենք համոզված ենք , որ մենք ազգովի ամբողջական ուժով պարտադրելու ենք թշնամուն խաղաղութուն ողորմել, որպեսզի տարածաշրջանում չբռնկվի այնպիսի հրդեհ, որը անհնար կլինի մարել:

Դիմելով միջազգային կառույցներին, պետություններին կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է առաջինը անել այդ քայլը, որպեսզի իրավական հիմք տրամադրի իր գործընկեր երկրներին:

Եվ այսպես ՝ հանուն Արցախի Հանրապետության անկախության, հանուն մեր ազգի հարատևման: Նահանջի տեղ չունենք:

Մենք հաղթելու ենք: