Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին տեղեկացրեց, որ Բաքուն արգելված զենք է օգտագործում

58

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործում է միջազգային կոնվենցիաներով արգելված զենք: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգենին տրամադրել է համապարփակ տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նպատակային գնդակոծման, ինչպես նաև մարդկային ու նյութական կորուստների մասին:

Հայաստանի արտգործնախարարը Սթիվեն Բիգենի ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի կիրառման փաստի վրա՝ խստորեն դատապարտելով դա: