Բացբերանություն ամենաբարձր մակարդակով

148

Ռազմական դրության մեջ գտնվող ոչ մի երկրի ղեկավարի չեմ հիշում, որ ժամանակավոր օրենքի պահանջով հաստատված ինքնագրաքննության պայմաններում հրապարակավ հանդես գա եւ թշնամուն ռազմական բնույթի գաղտնիքներ հաղորդի բոլոր լրատվամիջոցներով անընդհատ կրկնվող ելույթով։

Խոսքը, կարծում եմ, հասկանում են բոլոր նրանք, ովքեր այս պահին դեռեւս լսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը՝ ուղղված մեր ժողովրդին եւ հատկապես մեկ տարի առաջ զորացրված մեր զինծառայողներին։

Նա կոչ արեց մեկ տարի առաջ զորացրված մեր տղաներին շտապ ներկայանալ կենտրոնական հավաքակայան, որը գտնվում է, ի՛նքն ասաց, Չարբախում… Բարեբախտաբար նա չտվեց տեղանքի ճշգրիտ հասցեն ու համապատասխան տեղորոշիչ մանրամասնությունները։

Ն. Փաշինյանը կոչ արեց մեկ տարի առաջ զորացրված տղաներին կենտրոնակայան ներկայանալ իրենց, եթե պահել են, նախկին սաղավարտները, զրահաբաճկոնները, ձմեռային մուշտակները բերել իրենց հետ, միաժամանակ կոչ անելով քաղաքացիներին դրանցից ունենալու պարագայում տրամադրել բանակին։ Այսպիսով, առաջին ձեռքից, ինչ ասում են, փաստորեն տեղեկատվություն տրվեց թշնամուն, որ մեր պահեստներում զգացվում է դրանց պակասը…

Ավելին՝ Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ մեկ տարվա զորացրվածների թիվը կազմում է շուրջ 10.000 եւ ավելացրեց, որ ինքն ակնկալում է առնվազն կեսի ներկայանալը կենտրոնակայան, այդպիսով, վստահ եմ՝ անգիտակցաբար նա հակառակորդին ներկայացրեց քանակությունը մեր պակասող մարտիկների։

Զարմանում եմ. վարչապետի կողքին ուղերձն արտասանած պահին որեւէ մեկը չկա՞ր, որ իսկույն զսպեր նրա ոգեւորությունը։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ