Մենք անպայմանորեն կհաղթենք, չկասկածեք, անպայմանորեն կհաղթենք. Նիկոլ Փաշինյան(տեսանյութ)

49

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 17:30-ին հանդես է եկել կոչ-ելույթով:

«Թշնամին գրոհում է այնպիսի  ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: 100-ավոր տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր ու հրթիռներ, 10-յակ ինքնաթիռներ, 100-ավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով:

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում թշնամու 150-200 զինվոր: Ընդ որում, այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ՝ բացի ադրբեջանական ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ:

Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տաբեր օղակների հրամանատարական կետերում»:

Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտել է լավատեսական կոչով, հաղթելու աներկբա հաստատակամությամբ:

«Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության ամենավճռորոշ փուլում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը Ղարաբաղի հարցի ետևից չեն եկել, նրանց նպատակը հայոց ցեղասպանությունը շարունակելն է: Բայց այսօր,  հիմա ասում եմ՝  հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի քաղաքացին այլևս Դեր-Զորի ճամփորդը չէ: Մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի հաստատակամությամբ:

Մենք անպայմանորեն կհաղթենք, չկասկածեք, անպայմանորեն կհաղթենք:

Փա՜ռք ընկած հերոսներին, փա՜ռք Հայոց բանակին, փա՜ռք Հաղթական հայ ժողորդին»:

Մանրամասները՝ տեսանյութում