Իրավապաշտպանները հայտնել են Սիրիայից Ղարաբաղ վարձականների ուղարկելու մասին

82

Անկարայի աջակցությամբ թուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Սիրիայում վարձկանների են ընտրում եւ տեղափոխում Ղարաբաղի հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Կենտրոնը գրանցել է Ադրբեջան տեղափոխված առնվազն 850 զինյալի։ Կենտրոնը սեպտեմբերի 29-ին հայտնել էր, որ նրանց թիվը կազմում էր 320, սակայն մեկ օրում հակամարտության գոտի է հասցվել եւս շուրջ 520 մարդ։ Ադրբեջան ուղարկվելիս նրանց հիմնական խնդիր է նշվում առանձին կետերի պահպանությունը, սակայն արդյունքում նրանց ներգրավել են մարտական գործողություններին։

Աղբյուրներին վկայակոչելով՝ Կենտրոնը հայտնում է, որ վարձկանների մեծամասնությունը թուրքոման համայնքի (սիրիացի թուրքմեններ, Սիրիային հյուսիսի թյուրք բնակչություն) ներկայացուցիչներ են։ Անկարային սատարող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել։

Մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն զոհվել է երեք վարձկան, որոնք մարտնչել են Ադրբեջանի կողմում։

Սեպտեմբերի 30-ին BBC-ի արաբական խմբագրությունը նույնպես հոդված էր հրապարակել, որը հիմնված էր վարձկաններից մեկի հետ զրույցի վրա, որը, ինչպես պնդում է պարբերականը, հակամարտությանը մասնակցում է Ադրբեջանի կողմում։

Այսպես՝ սիրիական Jesr Press պարբերականը հայտնել է մարտերի ժամանակ Հոմս նահանգից երկու զոհված վարձկանի մասին։ Նրանցից մեկը թուրքոման (թյուրքական) համայնքի անդամ էր։

Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին գրել էր բրիտանական The Guardian-ը։ Ադրբեջանում աշխատանքի համար հավաքագրված երեք զինյալ հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին իրենց կանչել են Աֆրինի ռազմական ճամբար, որտեղ թուրքամետ զինված կազմավորման դաշտային հրամանատարն իրենց ասել է Ադրբեջանում նավթագազային օբյեկտների պահնորդ աշխատելու հնարավորության մասին։ Հոդվածում նշվում է, որ պայմանագրերը նախատեսված էին 3-ից մինչեւ 6 ամիս ժամկետով՝ ամսական 7-10 հազար լիր (900-ից մինչեւ 1,3 հազար դոլար) աշխատավարձով։ «Մեր հրամանատարն ասաց, որ մենք չենք պայքարելու, ուղղակի օգնելու ենք որոշ շրջանների պահպանությանը»,- զինյալներից մեկի խոսքն է մեջբերում պարբերականը։

Աղբյուր՝ News.am