Բունդեսթագի պատգամավորները հորդորում են Ադրբեջանին խուսափել ռազմական քայլերից, ԳԴՀ կառավարությունից պահանջում հետ կանչել Ադրբեջանի, Թուրքիայի դեսպաններին

375

Ժամեր առաջ տեղեկացրել էինք, որ գերմանալեզու լրատվամիջոցները շատ արագ արձագանքեցին ԼՂ սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի սանձազերձած հարձակմանը: Երեկ սեպտեմբերի 27-ի կեսօրին արդեն գերմանալեզու լրատվամիջոցների առաջին լուրը դարձավ դա, եւ նկատելի էր, որ գերմանական մեդիան օգտվում,տարածում, հղում է անում նաեւ ՀՀ ՊՆ  տեղեկատվությանը: Նույն օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում մտահոգ գրառումներ արեցին Գերմանայի Բունդեսթագի պատգամավորներ Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Թիլ Մանսմաննը (Till Mansmann FDP), Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունից՝ Ալբերտ Վայլերը (Albert Weiler CDU), Ձախերից՝ Սեվիմ Դաղդելենը (Sevim Daghdelen):

Թիլ Մանսմաննը մասնավորապես գրել է՝ «Արդեն շաբաթներ ի վեր երկյուղում էի, թե Ադրբեջանը կրկին վայրագության ուղին կբռնի՝ ԼՂ հակամարտության «լուծման» համար: Այժմ երեւում է, թե հաստատվում են վատթարագույն երկյուղները: Նորից մարտեր են մղվում, եւ վիճարկվող տարածքում առաջին զոհերը կրկին քաղաքացիներ են, խաղաղ բնակիչներ: Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը խուսափել ռազմական քայլերից, կոչ եմ անում երկու կողմին խոհեմություն ցուցաբերել: Վիճարկվող տարածաշրջաններում միջազգային հակամարտությունները լուծելի են միայն դիվանագիտական ճանապարհով եւ այնտեղի բնակիչների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով»:

Ալբերտ Վայլերը հետեւյալ գրառումն է արել.«Ես խորապես մտահոգված եմ ԼՂ-ում ռազմական էսկալացիայի պատճառով: Խաղաղ բնակիչներ են զոհվել, բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, ադրբեջանական զինուժը խոցել է խաղաղ բնակավայրեր, ինչպես նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այսու հակամարտությունը մեծ, վտանգավոր չափեր է ստանում, որը ոչ մի դեպքում չպետք է հանդուրժենք: Հորդորում եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, մասնակից կողմերը պետք է վերադառնան բանակցությունների, պատերազմը լուծում չէ: Պատասխանատվություն է կրում Ադրբեջանի կառավարությունը, որ խախտել է միջազգային հումանիտար իրավունքը, եւ պիտի հաշվի առնի հետեւանքների առկայությունը: Այս դժվար ժամերին միտքս զոհերի ընտանիքների հետ է: Աստված օրհնի նրանց»:

Սեվիմ Դաղդելենը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման վերաբերյալ հետեւյալն է գրել.« Դաշնային կառավարությունը, ԵՄ-ն պետք է վերջապես Էրդողանի եւ նրա նմանների նեոօսմանյան մեծապետական երազների վերաբերյալ հստակ դիրքորոշում ցույց տան: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարիներ ի վեր գոյություն ունեցող հակամարտությունը էսկալացիա է գրանցել: Ադրբեջանը Թուրքիայի, ինչպես նաեւ Սիրիայից եւ Լիբիայից իսլամ վարձկանների սատարմամբ ընտրել է ԼՂ հակամարտության ռազմական լուծման ճանապարհը: Դաշնային կառավարությունը պիտի անհապաղ ստիպի վերջ դնել ադրբեջանական հարձակմանը: Ով այժմ չդադարեցնի Թուրքիային զենքի իսպառ մատակարարումը, մեղսակից կդառնա հետագա պատերազմին», գրել է Դաղդելենը՝ «դաշնային կառավարությունից պահանջելով հետ կանչել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպաններին»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ