«Ադրբեջանը բազմիցս նախազգուշացրել է միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստվում է նոր ագրեսիայի և պատերազմի»․ Հաջիև

119

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության ներկա սրման համար մեղադրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

«ՀՀ զինված ուժերի կողմից խիտ բնակեցված սահմանամերձ շրջաններում խաղաղ բնակիչների ու օբյեկտների գնդակոծությունները դիտավորյալ և նպատակային էին», ասված է Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ:

«Հայկական զինված ուժերը շարունակում են ինտենսիվ կրակ արձակել առաջնագծի գոտում գտնվող մեր դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Բնակավայրերի ու խաղաղ բնակիչների վրա Հայաստանի կանխամտածված հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են, այդ թվում՝ 1949 թ. Ժնևյան կոնվենցիաների: Խաղաղ բնակիչների վրա հարձակումը մարտավարություն է, որը ներառված է Հայաստանի զինված ուժերի մարտական ​​պատրաստության մեջ, և ամենավառ օրինակը 1992-ի փետրվարին Խոջալուի ցեղասպանությունն է», ասել է Հաջիևը:

«Ադրբեջանը բազմիցս նախազգուշացրել է միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստվում է նոր ագրեսիայի և պատերազմի: Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի շարունակվող ռազմական ագրեսիան, Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայկական զինված ուժերի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և կայունության համար», ասել է Հաջիևը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական Թուրան գործակալությունը: