Ժամը 13-ից հետո գերմանալեզու լրահոսի առաջին լուրը դարձավ Արցախում, Հայաստանում ռազմական դրության հաստատումը

908

Գերմանալեզու լրատվամիջոցները սեպտեմբերի 27-ի առավոտյան 8.50-ին հաղորդեցին, որ ադրբեջանական բանակը ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի տարածքը, հայկական կողմի դիմադիրները (գերմաներեն բնագրում գործածված է Rebellen հոգնակի ձեւը, որ ինչպես անգլերենում, նմանապես գերմաներենում նշանակում է ապստամբներ, խռովարարներ: Այս պարագայում, մեր կարծիքով, սույն բառեզրը ճիշտ չի արտահայտում երեւույթը: Մեր նախընտրած՝ դիմադիր ձեւին առայժմ այլ հոմանիշ չենք գտել՝ -Ան. Հ.) հարված են հասցրել երկու ռազմական ուղղաթիռի: Տեղեկատվության մեջ նշվում է, որ հարվածի նպատակակետեր են եղել նաեւ Ստեփանակերտում, այդու փաստելով, որ վտանգված է Արցախի մայրաքաղաքի խաղաղ բնակչությունը:

Մեր դիտարկմամբ, այս անգամ գերմանալեզու լրատվական բառամթերքը, նույնիսկ շարադասությունը փոքր-ինչ տարբեր է: Միշտ չէ, որ հակիրճ լրատվության մեջ շեշտվում է այն հանգամանը, որ 1991-ին ԼՂ անկախ է հռչակել իրեն: Նշվում է նաեւ, որ ցայսօր միջազգայնորեն չի ճանաչվել ինքնուրույն պետություն լինելու ԼՂ որոշումը:

Ավելի ընդարձակ լրատվության մեջ, որ տարածել է առցանց «Ցայթը», նշվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին թեժ մարտեր են, հայկական կողմի իրազեկմամբ, ադրբեջանական երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք է խոցվել: «Ցայթը», հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, ընդգծում է, որ ադրբեջանական բանակը կիրակի վաղ առավոտյան ռմբահարել է ԼՂ քաղաքացիական բնակավայրերը: Ներկայացնում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, թե իրենց բանակը դիմադիր գործողություն է կատարել՝ հայկական կողմի ռազմական ակտիվությունը դադարեցնելու, բնակիչների անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, խոցվել է իրենց 1 ուղղաթիռ, բայց զինվորականները ողջ են մնացել:

Ժամը 9 անց 48-ին «Թեժ մարտեր ԼՂ-ում» վերտառությամբ նյութ տեղադրեց նաեւ գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը: ARD-ի «Օրվա համայնապատկեր» հաղորդման կայքում հղում է արվում երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին: Ավելի ուշ՝ ժամը 11անց 20-ին նույն լրատվականը եթեր հեռարձակեց RBB-ի իր աշխատակցի(Օliver Soos) 56 վայրկյան տեւողությամբ լուրը՝ հղում անելով «Ազերթաջին», ինչպես նաեւ Հայաստանի ՊՆ տրամադրած տեղեկությանը, ըստ որի, խոցվել է նաեւ ադրբեջանական 3 հրասայլ, կան զոհեր: ARD-ն իր կայքում ԼՂ- ի մասին պատմական համառոտ տեղեկանք է կցել, ընդգծված շեշտադրմամբ, թե ԳԴՀ  արտգործնախարարությունը չի ճանաչում ԼՂ հանրապետությունը:

Կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների մասին ահազանգող գերմանալեզու կայքերի լրատվահոսքն այնքան ակտիվացավ, որ Երեւանի ժամանակով 13-ին դարձավ այդ լեզվով Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում թարմացվող լրահոսի առաջին լուրը: Մեր դիտարկմամբ, այդ լեզվով լրահոսում երբեւէ նման ուշադրություն չի եղել, սովորաբար ձեռնպահ են մնացել նաեւ ՀՀ ՊՆ հայտարարություններին հղում անել: Լրահոսում սակայն նկատելի է, որ «Հայաստանը (կամ ԼՂ, նաեւ Ադրբեջանը) ռազմական դրություն են հայտարարել» նախադասությունը որոշ ԶԼՄ-ներ թարգմանել են Kriegsrecht ձեւով, որ անգլերեն Martial law-ի բառացի թարգմանաձեւն է, բայց առավել գործածվել է Kriegszustand ձեւը, որ մեր կարծիքով, «ռազմական դրություն» բառեզրի ճշգրիտ ձեւակերպումն է: Որոշ ԶԼՄ-ներ կցել են dpa-ի տեղեկությունը, ըստ որի Ռուսաստանի ԱԳՆ երկու կողմին կոչ է անում կրակն անհապաղ դադարեցնել, Բաքվին եւ Երեւանին հորդորելով վերսկսել բանակցությունները: Թուրքիան Հայաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ, իսկ այդ երկրի ԱԳՆ խիստ դատապարտել է «հայերի հարձակումը»( ներկայացրել ենք dpa գործակալության տեքստում կիրառած չակերտները- Ան. Հ.): Թուրքիան սատարում է Ադրբեջանին, եզրափակում է dpa:

Ժամը 13 անց 15-ին առցանց «Ցայթը» թարմացրեց ավելի վաղ հաղորդածը՝ հավելելով, թե ԵՄ տարբեր կառույցների ղեկավարներ հորդորում են անհապաղ դադարեցնել ԼՂ-ում ռազմական գործողությունները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասն էլ ընդգծել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, ինչը վերսկսելու պատրաստ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Ցայթի» լրացված տեղեկության մեջ ներառված է ԼՂ պաշտոնատարների այն հաղորդումը, որ հարձակումը Ստեփանակերտի վրա ստիպում է մարդկանց անվտանգությունն ապահովել, նշվում է նաեւ, որ գյուղերում էլ բազմաթիվ տներ քարուքանդ են եղել, կան վիրավորներ: Մի կարեւոր դիտարկում՝ «Ցայթը» նշում է, որ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի խորհրդարանում հրավիրված արտակարգ նիստի ժամանակ կոչ է արել բոլոր չափահասներին զենք վերցնել: Գերմանական ԶԼՄ-ները փաստորեն ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն, երբ նրա նախագահին հղում են անում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ