Բուհի քաղցած «հերոսը»

341

Սեպտեմբերի 24-ին Վանաձորի պետական համալսարանի «Հայոց լեզու  և գրականություն» մասնագիտության ուսանողները (12 հոգի) արտադրական պրակտիկայի են մեկնել Երևան՝ նպատակ ունենալով այցելել Մատենադարան և «Բուկինիստ» գրախանութ-սրահ։ Պրակտիկան, որ տևել է շուրջ 10 ժամ, մեկնարկել է աննախադեպ անակնկալով․ առավոտյան՝ մեկնելուց առաջ, մեկ օրվա օրապահիկ ստացել են միայն պրակտիկայի երկու ղեկավարը, իսկ ահա ուսանողները՝ ոչ։ Բուհի հաշվապահությունը հրաժարվել է նրանց օրապահիկ հատկացնել։

Վանաձորի պետական համալսարանի 50-ամյա գոյության ընթացքում չի եղել մի դեպք, երբ արտագնա պրակտիկայի մեկնող ուսանողը օրապահիկ չի ստացել։ Այստեղ պրակտիկայի մեկնող ուսանողին օրապահիկ հատկացրել են նույնիսկ նրա պատմության ամենածանր տարիներին՝ 1988-ի երկրաշարժից հետո, երբ խաթարվել էր հաստատության բնականոն գործունեությունը, 1990-ական թվականներին՝ ֆինանսական միջոցների աննախադեպ սղության տարիներին։ ՎՊՀ-ում ուսանողը միշտ ընդունվել է որպես այնպիսի գերակայություն, որի հաշվին խնայողություններ անել՝ ոչ մի ղեկավարի մտքով չի անցել։ Դա համարվել է անթույլատրելի, դա համարվել է անբարո։

Իսկ ահա նորեկ ռեկտորի պաշտոնավարման պայմաններում գերակայություններ են փոխվել․ այժմ, ուսանողի փոխարեն, ռեկտորի համար փաստորեն գերակա է սեփական (անձնական) շահն ու շահախնդրությունը։

Զարմանալին այն է, որ ռեկտոր Ռ․ Սահակյանը վերջին ամիսներին տասնյակ միլիոններով գումարներ է հատկացրել բուհում ինչ-որ շինարարական աշխատանքներ կատարելու համար, որոնց ուսումնա-արտադրական նպատակահարմարությունը խիստ կասկածելի է հենց միջոցների սղության ֆոնին, բայց ահա խնայում է ուսանողին օրապահիկ հատկացնել։

Հիշեցնենք, որ նոր ռեկտորի մուտքը այս հաստատություն նշանավորվել է սեփական աշխատավարձի կրկնակի բարձրացմամբ՝ հասցվելով 700․000 դրամի, ինչպես նաև 350․000 դրամի «փոխհատուցմամբ»՝ ծառայությունների մատուցման պայմանագիր-կեղծիքով, նշանավորվել է շուրջ 60 աշխատողի գործից ազատելով, օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկելով։ Եվ այսքանից հետո ռեկտոր Ռուստամը փաստորեն հայտնվել է ֆինանսական սղության մեջ՝ 12 ուսանողի օրապահիկ հատկացնել չի կարող։ Եղածն էլ ի՞նչ է՝ 36․000 դրամ՝ ընդհանո՛ւրը։

Մինչդեռ եկած օրվանից այս մարդը շողոքորթել է ուսանողին՝ բոլոր պատեհ և անպատեհ առիթներով նրան հռչակելով «համալսարանի հերոս»։

Եվ  «հերոսին», առաջին անգամ բուհի պատմության մեջ,  թողնում է սոված։

ՀԳ։ Ի դեպ, պրակտիկայի մեկնող ուսանողին օրապահիկ հատկացնելու անհրաժեշտությունը թե՛ կառավարության որոշումներով և թե՛ ՎՊՀ համապատասխան ներքին իրավական ակտերով կանոնակարգված պետք է լինի։ Հետևաբար հարց է ծագում․ ռեկտորի համար խնդրո առարկայի իրավական հիմքե՞րն են փոխել։ Կարծում եմ՝ չեն փոխվելավելին, կարծում եմ՝  նա ամեն ինչ արել է ինքնագլուխ, հակառակ պարագայում կառավարության կամ ռեկտորի  այդ հակա ուսանողական քայլը ժամանակին հրապարակայնացված կլիներ և մերժված բուհի այն կառույցների կողմից, որոնք հաստատել են այդ կարգը։

Ուրեմն՝ մեծ հավանականություն կա, որ գործ ունենք ոչ միայն սոված թողնվող ուսանողի, այլև կարգազանց ռեկտորի հետ։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ