Թե ինչպես Թուրքիան Վաշինգտոնում խորտակում է Ադրբեջանին

129

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի գիտաշխատող է: Հակառակ պարունակած որոշ սխալներին, հոդվածը մեզ հետաքրքրեց Մ. Նահանգներում մեր դիվանագետների ոչ արդյունավետ աշխատանքի մասին հոդվածագրի քննադատությամբ, Վաշինգտոնում PR աշխատանք տանող մեր կազմակերպությունների միակողմանի գործելաոճի մասին դիտողությամբ: Սակայն ամենաուշագրավը հեղինակի եզրակացությունն է ամերիկյան քաղաքական շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրությունների թուլացման մասին, արդյունքՙ Թուրքիայի հանդեպ այդ երկրում աճող անվստահությանը, քանի որ վերջին տարիներին Բաքուն ավելի խորն է ընկել Անկարայի թեւարկման տակ:

Ադրբեջանը երկար ժամանակ հաջողություն արձանագրած երկիր էր: Իլհամ Ալիեւը, որ 2003-ին հաջորդեց իր հորը, այդ երկիրը, որը շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, դարձրեց ամերիկյան կողմնորոշում ունեցող մի կղզյակի, կամ ավեի ճիշտ կլիներ ասելՙ ռուս-իրանական «սենդվիչի» միջուկի: Բայց մինչ Ռուսաստանն ու Իրանը ճնշում էին կրոնական փոքրամասնություններին, Ադրբեջանի շիա մեծամասնությունը շարունակում էր հավատարիմ մնալ իր ավանդականՙ հրեական, կաթոլիկական եւ ռուսական ուղղափառ համայնքներին, լայնորեն հարգելով կրոնական կամ դավանական ազատությունները:

Իրանից դուրս գտնվող հիմնականում երեք մեծամասնությամբ շիա դավանող երկրներից մեկը լինելով, Ադրբեջանը կարեւոր էր նաեւ այն առումով, ինչ ինքը չէր ներկայացնում իրականում: Մինչ Իրանը պարտադրում էր աստվածաբանությունը, իսկ Իրաքը պայքարում Իրանի մարտիկների դեմ, Ադրբեջանը որոշեց մզկիթն (կրոնը) անջատել պետությունից: Սա ուղիղ մարտահրավեր էր նետված Իրանի Իսլամական հանրապետության օրինականությանը: Ի վերջո, եթե Իրանի 1979-ի հեղափոխության հիմքում ընկած էր կրոնի եւ իշխանության միաձուլումը եւ աստվածահաճո մի համակարգի ստեղծումը, ապա Ադրբեջանի աշխարհիկ պետություն լինելը շիաների իշխանության համար շատ ավելի լավ օրինակ կարող էր ծառայել:

Սա բոլորովին չի նշանակում, որ ժողովրդավարության պակասի հանգամանքը Ադրբեջանում եւ Իրանում կարելի է անտեսել: Ադրբեջանի ընդդիմությունը մեծ մասամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Ալիեւը որդեգրել է Հոսնի Մուբարաքի ժամանակների Եգիպտոսի քաղաքականությունը: Գործելու չափազանց աննշան ասպարեզ թողնելով լիբերալ ընդդիմության անդամներին, նա կարող է իսլամիստ (կամ Կրեմլի կողմնակից) զանգվածին համոզել, որ ինքը, կինը կամ որդին միակ մրցունակ թեկնածուներն են, որ կարող են կառավարել երկիրը եւ չթողել, որ այն քաոսի վերածվի:

Անկախության հաստատումից ի վեր (1991-ին) Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանի հարաբերությունները վերիվայրումներով է ընթացել: 1992-ին Մ. Նահանգներում գործող հայկական քարոզչական խմբավորումների ճնշման ներքո, Կոնգրեսը ընդունեց Անկախությանը սատարելու օրենքի 907 հոդվածը, որ արգելում էր Ադրբեջանին տրամադրել անմիջական ամերիկյան օժանդակություն: Դա ղարաբաղյան պատերազմի օրերին էր, որի ընթացքում Հայաստանը ներխուժելով գրավել էր հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի տարածքը, որ 1923-ին Ստալինը նվիրել էր Ադրբեջանին: Ադրբեջանը միշտ էլ անարդար էր համարել 907 հոդվածի գոյությունը:

Լեռնային Ղարաբաղը յոթանասուն տարի գտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ամրապնդելու համար իր վերահսկողությունը տարածքի նկատմամբ, Հայաստանը գրավեց եւ էթնիկապես «մաքրեց» ադրբեջանական մի քանի այլ տարածքներ, որոնք բաժանում էին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից: Սա պատճառներից մեկը դարձավ, որ 2001-ի հոկտեմբերին Մ. Նահանգների Սենատը վերանայի իր որոշումը եւ վերացնի Ադրբեջանին օժանդակելու արգելքը: ԱՄՆ-ի նախագահները այդ թվականից սկսյալ օգտվել են այդ բարեփոխված օրենքից:

Նախագահներ Ջորջ Բուշը, Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը, յուրաքանչյուրն իր հերթին ողջունել են Ալիեւին Սպիտակ տանը կամ էլ Նյու Յորքում կազմակերպված ընդունելությունների ժամանակ, քանի որ Մ. Նահանգներն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում էին անվտանգության եւ էներգապաշարների օգտագործման բնագավառներում:

Ադրբեջանը նաեւ սերտորեն համագործակցում էր ՆԱՏՕ-ի հետՙ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Աֆղանստանում վերջինիս ծավալած գործողությունների շրջանակներում: Ավելին, Ադրբեջանն իր անմիջական ներդրումն էր ունեցել Իրաքում եւ Կոսովոյում Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի առաքելությունների իրականացման գործում:

Անցյալ տասնամյակի մեծ մասում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն Ամերիկայում եւ հատկապես Վաշինգտոնում ամենատաղանդավոր եւ ամենաակտիվ գործունեություն ծավալող դիվանագետներից մեկն էր, որն ինչպես Կոնգրեսում, այնպես էլ վերլուծական ոլորտի աշխատակիցների շրջանում հսկայական էներգիա էր ծախսել առաջ տանելու համար իր երկրի ծրագրերը: Մինչ ուրիշ դեսպաններ հիմնականում սահմանափակում էին իրենց առաքելությունը Մ. Նահանգներումՙ զբաղվելով միայն իրենց համապատասխան սփյուռքի խնդիրներով, Սուլեյմանովը կարողանում էր հանդուրժողականության եւ Արեւմուտքի հետ սերտ հարաբերություններ մշակելու Ադրբեջանի ուղերձը հասցնել Ամերիկայի ե՛ւ հրեական, ե՛ւ քրիստոնյա համայնքներին:

Ադրբեջանի այս հաղթական երթը Վաշինգտոնում, այդուհանդերձ, շուտով կարող է իր ավարտն ունենալ: Հայաստանը բավական ժամանակ նպաստում էր Վաշինգտոնում Ադրբեջանի ջանքերի հաղթարշավին, բռնատիրական առումով Ադրբեջանի նման: Բայց ի տարբերություն վերջինիս ամերիկամետ չլինելու իր հանգամանքով:

Նաեւ մեկ այլ հանգամանքով: Իրանի հսկայական քրիստոնյա համայնքի զգալի մասը հայեր են եւ Երեւանի ու Թեհրանի միջեւ կապերն ամուր են: 2007-ին Երեւանի պետական համալսարանն Իրանի այդ ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմեդինեժադին շնորհեց իր բարձրագույն (ոսկյա) շքանշանը: «Հայաստանն ու Իրանը հավերժ բարեկամներ կմնան», հայտարարեց Ահմեդինեժադը պատվավոր դոկտորի տիտղոսին արժանանալով: Հաջորդ տարին Մ. Նահանգների դիվանագետները հայտարարեցին, որ Հայաստանը Իրանին զենք է մատակարարում, որն էլ վերջինս օգտագործում է սպանելու ամերիկացիներին: Այդ ժամանակվա պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր «խիստ մտահոգությունները արտահայտեց, նշելով, որ Հայաստանը զենք է տրամադրում Իրանին, որի արդյունքում Իրաքում զոհվում են կամ վիրավորվում ամերիկացի զինվորներ»: 2011 թվի հոկտեմբերին Հայաստանի միջուկային էներգիայի կազմակերպության անդամներից մեկը քողազերծեց, որ Իրանը մի քանի հայ գիտնականների էր հրապուրել իր միջուկային ծրագրերում աշխատելու համար:

Վաշինգտոնում հայկական կազմակերպությունների գործելաոճը է՛լ ավելի թուլացրեց համագործակցությունը Հայաստանի եւ Մ. Նահանգների միջեւ: Դրան նպաստում էր առաջին հերթին այն տարաձայնությունը, որ գոյություն ուներ զարգացման եւ համագործակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ազգային նպատակների եւ Վաշինգտոնում հայկական քարոզչությամբ զբաղվողների գործունեության միջեւ: Վերջիններս ամբողջ թափով իրենց ուշադրությունը բեւեռել էին Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Երկրորդ, մինչ Սուլեյմանովի նման դիվանագետները հետամուտ էին լինում կառուցելու հնարավորինս լայն կոալիցիա, Մ. Նահանգներում նշանակված հայ դեսպանները հիմնականում անշուք անձնավորություններ էին դիվանագիտական ոլորտում: Ամերիկայի Հայ դատիՙ ANCA-ի նման քարոզչական կազմակերպությունները աշխատելով հանդերձ կոնգրեսի ներսում, նախընտրում էին այդ կառույցից դուրս հարձակվել դրա ընդունած որոշումները քննադատողների վրա, փոխանակ նրանց հետ էլ կարողանալ լեզու գտնելու եւ կոալիցիա կազմելու:

Այս իրավիճակը, սակայն, փոխվում է: Մինչ Բուշի իշխանությունը փորձում էր զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Օբամայի եւ Թրամփի վարչակարգերը հիմնականում անտեսեցին Կովկասը, չնայած Ադրբեջանը դերակատարություն էր ունեցել ահաբեկչության դեմ Մ. Նահանգների մղած պատերազմում: Ստեղծված իրադրությունը ստիպեց Ալիեւին թեքվել դեպի Ռուսաստան:

Համեմատած մեկ տասնամյակ առաջվա հետ, ներկայիս Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները այնքան էլ իրարից չեն տարբերվում: Բայց մինչ Ադրբեջանի ժողովրդավարական ցուցանիշը շարունակում է ցածր մնալ, Հայաստանը դրական շրջադարձ է կատարել: Ըստ «Freedom House-ի» տվյալներիՙ «Հայաստանըՙ 2018-ի զանգվածային ցույցերից ու ընտրություններից հետո գտնվում է նշանակալի շրջադարձի շեմին: Նոր կառավարությունը պարտավորվել է պայքարել երկարամյա խնդիրներիՙ այդ թվում կաշառակերության, անթափանցիկ քաղաքականության, խարդախված ընտրությունների եւ թույլ օրինականության դեմ»: Հայաստանի դեպի ժողովրդավարություն շրջադարձը կարող է դեռ ավարտված չէ, բայց վստահաբար կարելի է ասել, որ այն իր արեւելյան հարեւանից շատ ավելի գերադասելի է:

Թուրքիան է, որ վերջնականապես խորտակում է Ադրբեջանի դժվարությամբ ձեռք բերած լավ հարաբերությունները Արեւմուտքի հետ: Այն որ Թուրքիան եւ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունեն միմյանց հետ, հասկանալի է ու տրամաբանական: Երկու երկրների միջեւ սահմանը յոթը մղոնից էլ պակաս է, բայց նրանք ունեն մշակութային եւ լեզվական նմանություններ, ինչպես նաեւ էներգապաշարների օգտագործման բազմամիլիարդ դոլարների հասնող առեւտրաշրջանառություն: Հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը գործնական քաղաքականությունից ավելի բարձր է դասում գաղափարական կողմնորոշման օրակարգը, սկսել է վերջերս Ադրբեջանին ավելի հաճախ թելադրել, թե ինչպես պետք է գործել, փոխանակ թողնելու, որ վերջինս հետամուտ լինի իր շահերին: Եթե առաջներում ադրբեջանցի դիվանագետը փորձում էր ընդարձակել իր կապերը, այժմ նա եւ նրա նմանները հայտնվում են սեւ ցուցակում, քանի որ հարափոփոխ Էրդողանի թուրքական դեսպանատունը ԱՄՆ-ում մշտադիտարկումներ է իրականացնում, թե ում հետ է հանդիպում նա, եւ զեկուցում ուր որ հարկն է: Արդյունքում սառնություն է տիրում: Ինչպես Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն է դարձել ինքնամփոփ, այնպես էլ Ադրբեջանի դեսպանատունն է դարձել լռակյաց: Ավելին, Էրդողանը Ալիեւից պահանջում է ընդօրինակել իր անձնական հոգեվիճակը: Տարիներ շարունակ Ադրբեջանում Ֆեթուլահ Գյուլենի շարժման զարգացումներին հետեւելուց հետո Էրդողանն սկսել էր դրական վերաբերվել այդ խմբավորմանը, բայց հետո ամբողջովին երես թեքել նրանից, պահանջելով, որ Բաքուն էլ հետեւի իր օրինակին:

Մյուս կողմից, Թուրքիան, որ Արեւելյան Միջերկրականում եւ Աֆրիկայում ծավալած իր գործողությունների հետեւանքում մեկուսացրել է իրեն աշխարհից, Ադրբեջանից պահանջել է, որ պաշտպանի իրեն, չնայած վերջինս ոչ մի շահ չունի նշված տարածքներում: Ավելին, Թուրքիայի նախաձեռնած գազաորոնման հորատումները Արեւելյան Միջերկրականում կարող են ուժեղ հարված հասցնել Ադրբեջանի տնտեսության շահերին:

Կարճ ասած, Ադրբեջանը կորցրել է իր դիմագիծը, դավաճանել է իր ինքնավարությանը եւ իրեն կապել գնալով ավելի մեկուսացող մի վարչակազմի հետ:

Եթե կար ժամանակ, որ ամերիկացի դիվանագետները ներում էին Ալիեւի գործողությունները կամ աչք փակում նրա ծայրահեղությունների վրա, հաշվի առնելով նրա վարած արեւմտամետ քաղաքականությունը, ապա այժմ նրան վերաբերվում են որպես սովորական անժողովրդավարական մի երկրի ղեկավարի, որը պարզապես ցանկանում է ամեն գնով երկարացնել իր ընտանիքի կեցությունը արքունիքում:

Վաշինգտոնում ամեն ինչից զրկված Ադրբեջանի միակ օգուտը մնում է 907 հոդվածի վերացումը: Բաքուն կարող է հավատալ, որ այդ վերացման հետ կապված Սուլեյմանովի հաղթարշավը դեռ կշարունակվի, բայց նա պետք է զգույշ լինի: Նամիկ Թանի նման թուրք դեսպանորդները ժամանակին հոխորտում էին, որ Թուրքիան հզոր ազդեցություն ունի Կոնգրեսի վրա: Թանը ինքն էր պատրաստել սեւ ցուցակը Էրդողանի համար, եւ իր հետնորդները շարունակել էին գործը: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտաքին շրջանակների հասանելիության նվազումը ազդել է նաեւ այդ ցուցակում նշված մարդկանց թվի կրճատման վրա: Բաքուին ղեկավարելու Անկարայի փորձերը հավանաբար Ադրբեջանին կստիպեն գահավիժել: Անկեղծ ասած, նրա դեռեւս հաջողակ մնալու միակ պատճառը այն է, որ հայկական քարոզչական կազմակերպությունները շարունակում են հետապնդել նեղ-ցեղասպանական խնդիրներ միայն եւ անտեսում են լայն շրջանակների հետ կոալիցիա կազմելու հրատապ հարցերը: Եթե հայկական խմբավորումները փորձեն պատժելու փոխարեն սիրաշահել հակառակորդներին, ապա Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ Կոնգրեսում կգտնեն համապատասխան դրական որոշումներ ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ 907 հոդվածի վերաբերյալ:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ