2019-ին թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հայերի դեմ

57

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը: Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք ուղղված մեկից ավելի խմբերի դեմ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 80 տարբեր խմբերի վերաբերյալ օգտագործվել է 5515 ատելության խոսք:

Ատելության խոսքի թիրախ դարձած խմբերը ըստ հերթականության հետևյալ տեսքն ունեն.

  • Հայեր – 803 ատելության խոսք
     
  • Սիրիացիներ – 760
     
  • Հույներ (Հունաստանի) – 754
     
  • Հրեաներ – 676
     
  • Հույներ (Թուրքիայի, Կիպրոսի և այլն) – 603
     
  • Քրիստոնյաներ – 334:

Հայերն ամենաշատը թիրախավորվում են Խոջալուի դեպքերի ու Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներում, որոնցում հաճախ նույնականացվում կամ կապակցվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության և ASALA-ի հետ: Հայերը շատ են թշնամացվում նաև Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության համատեքստում:

Ընդհանուր առմամբ ատելության խոսքի 51 տոկոսը հրապարակվել է տեղական, իսկ 49 տոկոսը հանրապետական մասշտաբի մամուլում:

Հանրապետական նշանակության մամուլի միջոցներից ամենաշատ ատելության խոսքը կիրառել է «Yeni Akit» ընդգծված ազգայնական թերթը՝ 263 դեպք:

Դրան հաջորդում են Yeniçağ  (155 դեպք), Diriliş Postası (131), Milli Gazete (123), Milat  (118) թերթերը:

Ermenihaber.am