Պատասխան են տալու. Ծառուկյանը կալանավորվելու որոշման հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ

61

Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողներն պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը հայտնեց, որ կալանավորման պատճառը քրեական գործին իր կողմից խոչընդոտելու ռիսկն է. «Դուխներդ տեղը, ամեն մեկը պատասխան է տալու։ Իմանալով այս անօրինական որոշմանը՝ դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել»։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։ Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գործում հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չընդունեց կողմերի բողոքները։

Աղբյուրը՝ News.am