Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, ուստի նրան զենք են մատակարարում անվճար․ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում

100

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ընդհանուր դեբատների ժամանակ իր ելույթի մեծ մասը հերթական անգամ «նվիրել է» Հայաստանին։ Մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական մշակութային ժառանգությունը բուն Հայաստանի Հանրապետության տարածքում ոչնչացնելու և թալանելու մեջ՝ Ալիևը հայտարարել է, թե «օկուպացված ադրբեջանական տարածքներում» էլ Հայաստանը պղծում ու վերացնում է Ադրբեջանի կրոնական և պատմական հուշարձանները։ «Նրանց նպատակը ադրբեջանցիների բոլոր հետքերը մաքրելն է։ Հայաստանը նաև ապօրինի շահագործում է օկուպացված տարածքների բնական ռեսուրսները և օգտագործում է ջրային պաշարները արհեստական բնապահպանական ճգնաժամ ստեղծելու նպատակով։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ոսկի և այլ թանկարժեք մետաղներ արդյունահանող Հայաստանը արտահանում է դրանք միջազգային շուկաներ։ Դա կեղտոտ փողերի լվացման սխեմա է»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը սպառնացել է բոլոր այն կազմակերպություններին, որոնք անօրինական շահագործում են «Ադրբեջանի տարածքները», թե վերջիններս իրավաբանական պատասխանատվության են ենթարկվելու։ «Ադրբեջանն արդեն սկսել է իրավաբանական քայլեր ձեռնարկել մեր բնական պաշարներն ապօրինի շահագործող անձանց և ընկերությունների դեմ»,- հայտարարել է Ալիևը։

Աղբյուրը՝ aravot.am