Ինչո՞ւ են Ադրբեջանում պահեստազորին հավաքների կանչում

56

Ադրբեջանում պահեստազորի անսպասելի զորակոչ է սկսվել․ վաղուց զորացրված նախկին զինծառայողներին կանչում են զինկոմիսարիատ և այնտեղից տանում զորավարժությունների։ Փողոցներում ոստիկանությունը առգրավում է անձնական բեռնատար մեքենաները բանակի կարիքների համար։ Ընդ որում, ո՛չ ռազմական դրություն, ո՛չ համընդհանուր մոբիլիզացիա երկրում չի հայտարարվել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայության սյունակագիր Մագերամ Զեյնալովը։ Նա հայտնում է, որ իր զրուցակից ոմն Ֆուադը (անունը փոխված է), որը 20 տարի առաջ բանակից զորացրվել էր, զինկոմիսարիատից զանգ է ստացել, գնացել ներկայանալու և անհետացել։ Պարզվում է՝ նրան 2 ամսով հավաքների են տարել։ «Ադրբեջանում պահեստազորի մոբիլիզացիա է սկսվել,- հայտարարել էր Զինվորական ծառայության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ադրբեջանական ծառայությունը։- «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքին համապատասխան՝ պահեստային զինապարտներին կանչում են ռազմական վարժանքների, ստուգումների և հատուկ հանձնարարությունների»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ծառայությունից հայտնել էին, որ խոսքը պահեստային զինապարտների սովորական հավաքների մասին է, որոնց ընթացքում նրանք կբարելավեն իրենց ռազմական հմտությունները և գիտելիքները։

Աղբյուրը՝ aravot.am