Ժամանակը հիշողության թշնամին է(մաս 1-ին)

93
Գրիգոր Հարությունյան

Հեղինակ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բարեկամներ,այսօր ես մտադիր եմ պատմել Գրիգոր Հարությունյանի մասին,ազնվագույն մի մարդու, ով բացառիկ նվիրումով ծառայեց իր ժողովրդին մեր պատմության ամենաածանր շրջաններից մեկում և զոհ դարձավ խրուշչովյան կամայականությանը: Նա Հայաստան եկավ 1937 թվականի սեպտեմբերին, խռովահույզ մի ժամանակաշրջան, երբ քաղաքական, պետական գործիչների և մտավորականնների հիմնական մասը հանիրավի բռնադատված էր և գտնում էր վանդակաճաղերի ետևում:

Կասկածի, անվստահության չարագուշակ ուրվականը շրջում էր մեր երկրում: Հայաստանի կուսակցական և պետական ղեկավարներ Ամո Ամատունին, Ստեփան Ակոպովը, Գեորգի Ծատուրովը, Խաչիկ Մուղդուսին և ուրիշներ, որ Աղասի Խանջյանի սպանությունից հետո Բերիայի հանձնարարությամբ ստանձնել էին հանրապետության ղեկը, իրենք ևս քաղաքական բռնությունների զոհ դարձան, և նույն Բերիայի հանձնարարականով կուսակցության Թիֆլիսի քաղխորհրդի քարտուղար Գրիշա Արութինովը, կալանավորված Ամատունու փոխարեն, նշանակվեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար: Անդրկովկասի անթագակիր արքա Լավրենտի Բերիան ինքն էր տնօրինում երեք հանրապետությունների ղեկավար կադրերի ճակատագիրը:

Նրա շրջապատում բազմաթիվ հայեր կային, իրեն գրեթե տարեկից մարդիկ, որ աշխատում էին միասին և ապրում հարևանությամբ: Արձակուրդներին և հանգստյան օրերին նրանք հավաքվում էին Բերիայի ամառանոցներից մեկում՝ Կրծանիսում, կամ էլ Գագրայում: Նրանք վստահում էին միմյանց և անսահման հավատում կուսակցությանն ու Բերիային: -Նրանք երիտասարդ էին, միամիտ, – հետագայում հիշում է Անաստաս Միկոյանի հարսը՝ Նամին, Գրիգոր Հարությունյանի որդեգիրը, որի մանկությունն անցել է այդ շրջապատում:

– Այն, ինչ հետո տեղի ունեցավ, դարձավ և դավաճանություն, և ողբերգություն: Նրանք այրվեցին այն մարդկանց ուխտադրուժ ցինիզմից, ում վստահում էին որպես եղբայրների: Այդ լուսավոր մարդիկ իմ մեջ մնացին որպես այն ժամանակվա գլխավոր ցավը, որով ամբողջովին ներծծված եմ: Սիրտս և հիշողությունս խոնարհվում են պատանի ռոմանտիկների կերպարի առջև, որոնք շլացել էին հեղափոխությունից և դարձան նրա զոհերը,,:

1937 թվականին Լավրենտի Բերիան մտադիր էր փոխել անդրկովկասյան ղեկավարական ողջ կազմը, հներն սկսել էին ինքնուրույն դատողություններ ու քայլեր անել: Հատկապես Թիֆլիսում հայերը քաղաքային կուսկազմակերպության գլխավորությամբ արդեն իրենց հեղինակությամբ լրջորեն անհանգստացնում էին Անդրերկրկոմի ղեկավարին: Ստալինի ստեղծած մենատիրության մթնոլորտը չէր կարող մտորումների տեղիք չտալ մայրենին արդեն մոռացած, վրացականացած այդ հայ երիտասարդներին, որոնք, Բերիան զգում էր, չարտահայտված դժգոհություն ունեին նաև Հայաստանի նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունից:

Գրիշա Արութինովը՝ կուսակցության Թիֆլիսի քաղխորհրդի քարտուղարը, նրանցից ամենահեղինակավորն էր , որին այդ խառնակ օրերին Հայաստան ուղարկելով, Բերիան շատ նեղ շրջապատում պարծեցել էր՝ ,,Արութինովին այնտեղ իրենք՝ հայերը կխժռեն,,: Դրան հետևեց Արութինովի աներձագ և մտերմագույն ընկեր, Վրաստանի ժողկոմխորհի նախագահի տեղակալ Արտեմ Գեուորկովի ինքնասպանությունը ; Վրաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն նրան հեռացրել էր աշխատանքից այն բանից հետո, երբ Բերիան ասել էր, որ բոլշևիկների կառավարությունը նրան այլևս չի վստահում: Գեուորկովը լավ գիտեր, թե դա ինչ է նշանակում, գիշերը հրացանով նա ինքն իրեն վերջ տվեց, և առավոտյան նրան ձերբակալելու եկած Բերիայի մարդիկ նրա դիակը տարան տնից:

Նույն շաբաթ ձերբակալեցին Հայաստանի կենտկոմի նորանշանակ առաջին քարտուղարի եղբորը՝ Թիֆլիսի ստալինյան շրջանային կոմիտեի քարտուղար Սերգո Արութինովին և կարճ ժամանակ հետո գնդակահարեցին: Հեղափոխությունը խժռում էր իր զավակներին և արդեն ոչ միայն հայերին: – Սոլոլակի մեր շենքում բնակվում էին հայեր, վրացիներ, հրեաներ…-հիշում է Նամի Միկոյանը: – Մանկության ժամանակ ես չէի խորհում մարդկանց ազգության մասին, սակայն այժմ մտովի վերադառնալով անցյալ, հասկանում եմ, որ այդ ժամանակաշրջանը երանգավորված էր ոչ կեղծ ինտերնացիոնալիզմով…։ Եվ ահա նոր բառեր հայտնվեցին՝ ,,թշնամական,, և ,,ձերբակալեցին,, … ի՞նչ էր այդ, մենք երեխաներս չէինք հասկանում, միայն գիտեինք,որ նրանց,ում ,,ձերբակալեցին,, , ինչ որ տեղ անհետանում էին…Չըմբռնելով այդ բառերի ողբերգական իմաստը, երբեմն կռահում էինք՝ իսկ ու՞մ այժմ կկալանավորեն, ո՞վ կլինի հաջորդը: Օղակը սեղմվեց… 1937 թվականի սեպտեմբերի վերջին, մի գիշերվա ընթացքում Ճոնքաձե փողոցի մեր տաք բարեկամական տանը… համարյա բոլոր երեխաները մնացին ծնողազուրկ…:

Գրիշա Արութինովի համար, հարազատների վկայությամբ, կուսակցության Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նշանակվելը անսպասելի էր: Մինչ այդ նա ընդհանրապես Հայաստանում չէր եղել և հայերեն չգիտեր: Ինչի՞ց սկսել: Առաջին հերթին անուն ազգանունից, այսուհետև նա Գրիգոր Հարությունյան էր: Ոչ լրիվ բարձրագույն կրթությամբ, տնտեսական, պետական և կուսակցական ղեկավար պաշտոններում պատկառելի փորձ կուտակած երեսունյոթամյա գործչին անծանոթ հայրենիքը գրկաբաց չընդունեց:

Քաղաքական բռնությունների մամլիչը աղավաղել էր մարդկանց: Կասկածում էին բոլորը բոլորին, առավել ևս՝ օտարին, եկվոր ղեկավարին: Եվ նա գտավ վստահության բանալին՝ իր համար բացահայտելով հայրենին, այրունակցականը, և զարմանալով ու հիանալով ցարդ իրեն անծանոթ այդ վեհությամբ ու գեղեցկությամբ, դարձավ նրա նախանձախնդիր զինվորն ու սպասավորը: Առաջին լուրջ քայլը եղավ ,,Սասունցի Դավիթ,, դյուցազներգության հազարամյակի տոնակատարության, ապա և՝ Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակի նախապատրաստական աշխատանքները; Երկու իրադարձություններն էլ պետք է տեղի ունենային 1939 թվականին:

ԽՍՀՄ Ժողովրդական դերասանուհի Տաթևիկ Սազանդարյանը հիշում է.- 1939 թվականի տասնօրյակին մենք պատրաստվում էինք 1937 թվականի վերջից; Օպերային թատրոնի շենքը պատրաստ չէր, կար միայն բեմահարթակը: Ամեն օր փորձերի ժամանակ հայտնվում էր կոմկուսի հանրապետության առաջին քարտուղարը,դա ձևականություն չէր: Նա մեզ բոլորիս ոգևորում և աջակցում էր իր հետաքրքրությամբ,ուշադրությամբ, վստահությամբ: Հայաստանի նոր ղեկավարը, իր հախուռն հայրենասիրությամբ կարծես փշրեց ազգայինի հանդեպ երկչոտ զգուշավորության պարտադրանքը: Արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության զարգացման հրատապ խնդիրներով զբաղվածությունը չխանգարեց,որ նա իր հանգստի ժամերը տրամադրեր առաջիկա տոնակատարություններին առնչվող հարցերին: Նրա անմիջական ջանքերով հայերեն և ռուսերեն հրատարակվեց ,, Սասունցի Դավիթ,, էպոսի համահավաք տեքստը՝ հիանալի թղթի վրա, թավշակաշվի կազմով մի նկարազարդ հրատարակություն,որը մինչև օրս էլ հիացնում է իր կատարելությամբ:

Լենինգրադի ճենապակու գործարանում արտադրվեցին հուշագավաթներ, որոնց էսքիզները կատարել էին լավագույն նկարիչները: Հակոբ Կոջոյանի էսքիզներով արտադրվեցին ծխախոտների և կոնյակների պիտակներ: Համերգների ծրագրերը, լիբրետոների կազմերը,ցանկացած մանրուք պատրաստվում էր լավագույն նկարիչների միջոցով: Մարտիրոս Սարյանը, Սերգեյ Արուտչյանը և ուրիշ նշանավոր արվեստագետներ էին աշխատում դեկորացիաների, վարագույրների, ներկայացումների հագուստների վրա: Տասնօրյակի նախապատրաստմանը Գրիգոր Հարությունյանը ընդգրկել էր նաև մոսկվաբնակ հայազգի ճանաչված հեղինակությունների՝ Արամ Խաչատրյանին, Վախթանգովի անվան թատրոնի գլխավոր բեմադրիչ Ռուբեն Սիմոնովին, Մեծ թատրոնի գլխավոր խմբավար Ալեքսանդր Մելիք – Փաշաևին:

Մեր քաղաքը զարդարող ,, Սասունցի Դավիթ,, նշանավոր արձանի պատվերը Երվանդ Քոչարը ստացել է ազգային արվեստի այդ վերընթացի օրերին:- Գրիգոր Հարությունյանի հետ ամեն մի հանդիպման ժամանակ, ես նկատում էի,որ նա դառնում է ավելի իմաստնացած և նպատակաուղղված մարդ,- այդ օրերի մասին գրում է Մարտիրոս Սարյանը իր հուշերում. Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակից ամիսներ առաջ Գրիգոր Հարությունյանի հանձնարարությամբ ստեղծվեցին ժողովրդական երգի պարի և գուսանական անսամբլները: Հիշում է Հայաստանի ժողովրդական դերասանուհի Թամար Դեմուրյանը: -Երգի պարի անսամբլի ստեղծումը հանձնարարված էր Թաթուլ Ալթունյանին: Նա այդ ժանրում փորձ չուներ և բավականին շփոթված էր, բայց որոնումների արդյունքում գտավ այդ արվեստի արտահայտման ճիշտ ձևը… Գրիգոր Արտեմևիչը հավանություն տվեց ծրագրին:

Իր նուրբ ու բարձր ճաշակով նա հասկացավ,որ դա իսկապես ժողովրդական, ազգային ծրագիր է: Զարմանալին այն է, որ նա մեծացել ու ձևավորվել էր Հայաստանից դուրս,սակայն արյամբ և բնազդով ազգային էր… Հիշում եմ, երբ Ալթունյանը բեմադրեց լայն տաբատներով կատակային մի պար, Գրիգոր Արտեմևիչը, դիտելով այն,առաջարկեց հանել ծրագրից.- Այսպիսի հագուստով թուրքերը մորթում էին մեզ, ինչու՞ դա բեմ հանել,- ասաց նա: Սասունցի Դավիթ,, էպոսի հազարամյակի տոնակատարությունը և Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակը ոգեշունչ հաջողություններ արձանագրեցին: Մոսկովյան թերթերը հիացմունքով գրում էին իրենց համար անակնկալ բացահայտված հայ երաժշտական արվեստի բարձր մակարդակի մասին, գրական շրջանակներում հիացած էին մեր դյուցազներգության գեղարվեստական և բարոյագիտական արժանիքներով:

Մշակութային կառուցման վերելք անունն ստացավ Գրիգոր Հարությունյանի գործունեության այդ շրջանը:-Ինձ առիթ ներկայացավ ծանոթանալ նրա հետ Հայկական Հանրապետության մշակութային կառուցման վերելքի ժամանակ,-հիշում է Մարիետա Շահինյանը:-Եվրոպական ձևով հավաք, խորասուզված, մարդկանց նկատմամբ բարեկիրթ և ուշադիր, ընկեր Արութինովը իրեն շրջապատեց հարազատ երկրի անցյալին ու ներկային քաջածանոթ մասնագետներով… Նրա ղեկավարության օրոք Երևանը փոքրիկ Վեյմարն էր հիշեցնում, որտեղ ամեն ինչ շարժման մեջ էր դրվում՝ դպրոցները, թատրոնները, հիվանդանոցներն ու գրապահոցները, թանգարաններն ու լաբորատորիաները… ի դեմս Գրիգոր Արութինովի այն ժամանակ, իմ խորին համոզմամբ, մենք ունեինք… մտածող իսկական հայ մի հայրենասեր, և բավականին վիրավորական էր հանդիպել մարդկանց,ովքեր նրան օտարածին էին համարում,որովհետև նա տեղացի չէր, և իբր թե իր գործունեության առաջին տարիներին լավ չէր տիրապետում հայոց լեզվին…Մինչդեռ նրա մոտ հայ գրականության նուրբ ընկալում կար… Հիշում եմ,մի անգամ խոստովանեցի նրան, որ բոլորովին չգիտեմ Գրաշուն որպես բանաստեղծի: Եվ Գրիգոր Արտեմևիչը ժպտալով և ընդգծված հաճույքով հայերեն կարդաց ինձ Գրաշու քառատողը: Երկիրը գտել էր իր տիրոջը: Նա, որ Հայաստան գալով, հայերենով միայն,, բարի լույս,, կարող էր թոթովել, այժմ ,, ընդգծված հաճույքով,, հայերեն բանաստեղծություններ էր արտասանում:

Գրիգոր Հարությունյանի հետագա գործունեության մասին գնահատանքի ջերմ խոսքեր կան պետական ականավոր գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ,, Մայրամուտի շեմին,, խորագրով հուշագրությունում:,, Պատերազմից առաջ Հարությունյանի ղեկավարությամբ մեր ժողովուրդը բուռն գործունեություն ծավալեց արտադրողական ուժերի զարգացման, բնակչությանն աշխատանքով ապահովելու, քաղաքների ու գյուղերի բարեկարգման ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում առաջին հերթին Երևանն էր: Շատ անհրապույր, անդեմ էր այդ օրերի մայրաքաղաքը; Կարճ ժամանակում Երևանի ողջ տարածքն ու շրջակայքը կանաչապատվեցին, ստեղծվեց կանաչապատման երկրորդ գոտին, որը հասնում էր մինչև Արզնի: Երևանի մուտքերի ձևավորումը, նոր կամուրջների և պուրակների կառուցումը առանձնապես Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությունն էր: Նա հավատարիմ մնաց Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական նախագծերին և նրա ավանդներով կառուցեց սքանչելի մի քաղաք,որը,սակայն, այսօր ավելի ու ավելի է կորցնում իր յուրօրինակ դեմքը:

Ակնառու տեղաշարժեր եղան գյուղում; Փոխվում էր գյուղի համայնապատկերը, խրճիթների փոխարեն երևան էին գալիս նոր, բարեկեցիկ տներ: Գրիգոր Հարությունյանի ուշադրության կիզակետում էին նաև հայ գիտության ու մշակույթի հարցերը: Նրա հոգածությամբ բուռն զարգացում էին ապրում թատրոնը, կինոն, երաժշտությունը, կերպարվեստը: Հայ ժողովրդի հոգևոր կյանքը վերածնվում էր: Հայրենական մեծ պատերազմը կլանեց երկրի ուժերը, կասեցրեց զարգացման ընթացքը, որովհետև ամեն ինչ տրամադրվում էր ռազմաճակատի կարիքներին,սակայն նույնիսկ այդ պայմաններում, 1943 թվականին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան և կառուցվեցին Մատենադարանը, Երևանի կամուրջները, բնակելի շենքերը, մշակութային օջախները:.

… 1952 թ. դեկտեմբերին, երբ ես Ղուկասյանի և Ամասիայի միացյալ կուսշրջկոմի առաջին քարտուղարն էի, Գրիգոր Հարությունյանը ինձ հրավիրել էր զրույցի: Զրույցի ընթացքում հնչեց հատուկ կապի կառավարական հեռախոսի զանգը; Երբ լսեցի Հարությունյանի ,, Բարև, Միրջաֆար,, բառերը և հասկացա,որ նա խոսում է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովի հետ, տեղիցս ելա՝ սենյակից դուրս գնալու մտադիր: Գրիգոր Հարությունյանը ձեռքով նշան արեց՝ նստեք: Հնազանդվեցի: Զարմանալին Գրիգոր Հարությունյանի խոսքի անբարյացկամ տոնն էր:

Ես չգիտեի, թե ինչ էր ասում Բաղիրովը, որին այդքան կտրուկ, չոր պատասխանում էր Հարությունյանը.,, Դե, ի՞նչ եք ասում, Միրջաֆար, այդ հարցը բազմիցս քննության է առնվել Կենտկոմում, իսկ Դուք շարունակում եք որերորդ անգամ նույն բանը կրկնել: Դրանք անտեղի և ավելորդ խոսակցություններ են, հարցը վաղուց սպառված է… Ոչ Նորաշենը, ոչ Աղահանքերը… Այո, Ղարաբաղը նույնպես… Եվ ոչ մի կարգավիճակով… Դուք եք ստիպում,որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի իրենց բնակավայրերը՝ խախտելով որոշումը..,,: Այնուհետև երեք անգամ կրկնեց . ,, Էլ ի՞նչ եք ուզում,, .և լսափողը վայր դրեց: Դրան հաջորդեց Բաղիրովի հասցեին մի շատ ծանր խոսք: Ճնշող լռություն տիրեց; Սևեռուն նայեցի, բայց նա ոչինչ չասաց: Զգացի,որ խիստ նյարդայնացած է:

Արդեն պաշտոնանկությունից հետո, 1957 թվականին Թբիլիսիում, մասնավոր հանդիպման ժամանակ,մի քանի ընկերների ներկայությամբ, նրան հիշեցրի 1952 թ. հեռախոսային խոսակցությունը Բաղիրովի հետ: Հարությունյանը պարզաբանեց, որ Մոսկվայում քննարկումների ժամանակ առաջարկություն էր եղել Մեղրին փոխարինել Նախիջևանի մի մասի հետ: Ինքը կտրականապես մերժել էր այդ առաջարկությունը, որովհետև լավ էր գիտակցում,թե այդ ,, գործողությամբ,, ինչ իրական վտանգ կսպառնար Հայաստանի ռազմավարական անվտանգությանը: Մեղրիի կորստով Հայաստանը կհայտնվեր լիակատար անկլավային դրության մեջ, կկտրվեր հարևան Իրանից, վտանգելով նաև Զանգեզուրը: Այդ տարբերակը Գրիգոր Հարությունյանը համարում էր անչափ վտանգավոր, և դա դեռ ԽՍՀՄ-ի առկայության պայմաններում:

…Միայն 1953 թ. նոյեմբերին,երբ ՀԿԿ Կենտկոմի պլենումում Գրիգոր Հարությունյանին ազատում էին աշխատանքից, հայտնի դարձավ,որ Կարսի մարզի ազատագրման հարցն անլուծելի մնալուց հետո Գրիգոր Հարությունյանը նամակ էր գրել Ստալինին՝ հայրենադարձություն սկսելու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցադրումով: Գրիգոր Հարությունյանը խիզախություն էր ունեցել անձամբ դիմել հենց այն բռնակալին, որն այդ հանցավոր գործարքի ամենամեծ մեղավորն էր,,:

1953 թվականի մարտին Ստալինը մահացավ: Թերթերը լույս տեսան սև թանձր շրջանակների մեջ: Մարդիկ սգում էին առաջնորդի մահը,ոմանք անկեղծ, շատերն էլ ցուցադրական արցունքներով: Նույնիսկ անշնչացած բռնակալը սարսափ էր ներշնչում: Դեռևս ողջ էր նրա գլխավոր հանձնակատարը՝ Բերիան: Իսկ քաղաքական շրջանակներում քննարկվում էր կոմկուսի ուռճացված դերը որոշակիորեն սահմանափակելու հարցը: Իշխանությունը պետք էր վերադարձնել խորհուրդներին: Բերիայի առաջարկով նախարարների խորհրդի նախագահի աթոռը տրվեց Մալենկովին, վերջինս էլ որպես պատասխաներախտագիտություն՝ Բերիային նշանակեց իր առաջին տեղակալ: Խրուշչովին, որպես Ստալինի փոխարինողի կոմկուսի կենտկոմի քարտուղարությունում, փաստորեն երկրորդական դեր էր հատկացվում, քանի որ կենտկոմը պետք է զբաղվեր միայն գաղափարախոսությամբ, չխառնվելով ժողովրդական տնտեսության և արտաքին քաղաքականության օպերատիվ կառավարմանը:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն նույնպես հունիսի 17 – ին քննարկեց խորհուրդների և կուսակցության գործառույթների վերաբաշխման հարցը և որոշեց Գրիգոր Հարությունյանին նշանակել նախարարների խորհրդի նախագահ, ազատելով նրան կենտկոմի առաջին քարտուղարի պարտականությունից: Առաջին քարտուղարի պաշտոնը պիտի ստանձներ նախարարների խորհրդի նախագահության նախագահ Անտոն Քոչինյանը: Բայց իրադարձությունները այլ հունով ընթացան: Հունիսի 26 –ին Բերիան ձերբակալվեց որպես ժողովրդի թշնամի: Սկսվում է գործընթացը այն մարդկանց դեմ, ովքեր ինչ որ կերպ կապված էին նրա հետ: Աշխատանքից հեռացվում է Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Չարկվիանին, ձերբակալում են Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Միրջաֆար Բաղիրովին:

Հայաստանում ևս գլուխ է բարձրացնում իշխանափոխության դավադիր միտքը: Լուրջ պատճառներ կարծես չկային, Գրիգոր Հարությունյանին հիմնականում մեղադրում էին հայերենի վատ իմացության համար: Իրականությունը, սակայն ավելի պրոզայիկ էր: 1946 թե 48 թվականին Խրուշչովը ,, Պրավդա,, թերթում հոդված է տպագրում գյուղերը ագրո- քաղաքների վերածելու անհրաժեշտության մասին: Կենտկոմի պլենումում Գրիգոր Հարությունյանը առարկեց նրան, նշելով, որ Հայաստանում և ընդհանրապես ամբողջ երկրում ագրոքաղաքների մասին խոսելը դեռ վաղ է. գյուղերում դեռ շատ են աղքատ: Ստալինին այդ կարծիքը համոզեց, և նա Խրուշչովին պարտադրեց իր մտքից պաշտոնապես հրաժարվել նույն թերթում:

,,Պրավդան,, զետեղեց Խրուշչովի այդ նամակը,որից հետո Խրուշչովը պլենումի ժամանակ, մոտենալով Հարությունյանին ասաց.- Մենք դեռ կհանդիպենք նեղ ճանապարհին,,:Նեղ ճանապարհը Հայկոմկուսի առաջին քարտուղարի համար դարձավ հակաբերիական ցասումը: Հուլիսի 14 – ին, Հայկոմկուսի կենտկոմի ընդլայնված պլենումում Գրիգոր Հարությունյանը հավանություն տալով Բերիայի վերաբերյալ ԽՄԿԿ կենտկոմի որոշմանը, միանգամայն իրավացիորեն նկատեց, որ իր իշխանության տարիներին Բերիային չի հաջողվել որևէ ձևով ազդել Հայաստանի ղեկավարության աշխատանքների վրա: Դրան հետևեց ավտոտրանսպորտի նախարար Շմավոն Սռուշանյանի թունոտ ելույթը: -Դուք ստում եք, ընկեր Արութինով, դուք Բերիայի դրածոն եք և 17 տարիՀայաստանում իրականացրել եք նրա հակահայկական քաղաքականությունը: Ազատամտության հանկարծահաս էյֆորիան մարդկանց համար դարձավ դյուրավառ խառնուրդ, ափերից դուրս հորդող խանդավառությունը լիցքաթափման թիրախ էր փնտրում, և այդպիսին հայտնվեց:

Հիշում է Սիլվա Կապուտիկյանը:,, Այդ օրերին մարդկային կրքերի զոհ դարձավ Գրիգոր Հարությունյանը: Հայաստանի գրողների միության կուսակցական ժողովը ավելի նման էր դատավարության, բարկության խարույկը հետզհետե ուժգնանում էր: Իմ ,, լուման,, բերեցի նաև ես, հանիրավի մեղադրելով Հայկոմկուսի առաջին քարտուղարին ազգային ոգու բացակայության համար: Երկու ամիս անց Կառավարության տան Գերագույն Խորհրդի դահլիճում հրավիրվեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը,որի ժամանակ պետք է աշխատանքից ազատվեր առաջին քարտուղարը: Դահլիճում ծայրաստիճան ծանր և լարված մթնոլորտ էր: Առաջին շարքում նստած էր Հարությունյանը: Նստած էր մենակ, խորասուզված սեփական մտքերի մեջ: Դատարկ էին ոչ միայն հարևան բազկաթոռները,այլև ամբողջությամբ թափուր էին երկրորդ, երրորդ և չորրորդ շարքերը: Մարդիկ, որոնք մեծ պատիվ կհամարեին գոնե մեկ վայրկյան լինել,, տիրոջ,, կողքին, ու գուցե և նրան երգով կձոնեին հիացական օրհներգ, այսօր գերադասում էին նրանից հեռու մնալ: …Ես նստած էի վեցերորդ, կամ յոթերորդ շարքում: Գաղտնի ցանկություն էի զգում մոտենալ Հարությունյանին, ողջունել, նստել նրա կողքին: Բայց իմ ու ուրիշների մեջ դեռ թարմ էին գրողների միության ժողովում իմ ելույթի տպավորությունը, և իմ քայլը կընդունվեր որպես կեղծ և ոչ տեղին… իմ հիշողության մեջ հաճախակի հառնում է Գրիգոր Հարությունյանի զուսպ, խոհեմ- հայրենասիրական, մտածող և խոշոր չափանիշներով գործող ողբերգական կերպարը,,:

1953 թվականի նոյեմբերի 30 – ին Գրիգոր Հարությունյանին պաշտոնազրկեցին , նրա աթոռը զբաղեցրեց Սուրեն Թովմասյանը: Խրուշչովը իրագործեց իր սպառնալիքը: Խրուշչովի անբարյացկամությունը հանգեց խայտառակ հաշվեհարդարի: 1953 թվականի նոյեմբերի 30 – ին Մոսկվայից հատուկ նպատակով ժամանած ՍՄԿԿ կենտկոմի քարտուղարը՝ Պոսպելովը, Հայկոմկուսի կենտկոմի ընդլայնված պլենումում Հայկոմկուսի ղեկավարին բնութագրեց որպես Բերիայի դրածո և նիստի մասնակիցներին ներկայացրեց քաղբյուրոյի որոշումը՝ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

-Սկսվեց ամենաճղճիմը,- պատմում է իրադարձության մասնակից, կառավարական բարձրագույն մարմիններում ղեկավարական երկարատև պաշտոններ զբաղեցրած Ստեփան Վարդանյանը: – Մեկը մյուսի հետևից թունոտ ելույթներ ունեցան մարդիկ, որոնք մինչև այդ պատրաստ էին երդվել Գրիգոր Հարությունյանի անունով…Ի վերջո ամբիոնին մոտեցավ Գրիգոր Հարությունյանը: Սկսեց նրանից, որ իր հարաբերությունները Բերիայի հետ զուտ պաշտոնական են եղել, որ նա երբեք անձնական մտերմություն չի ունեցել վերջինիս հետ: Ավելին՝ նրանց փոխհարաբերություններում վերջին տարիներին գերիշխել է փոխադարձ հակակրանքը: Պոսպելովը շտապեց ընդհատել նրան.- Դուք անկեղծ չեք, դուք ստում եք, ընկեր Հարությունյան: Գրիգոր Արտեմիչը չպատասխանեց, քմծիծաղ հիշեցնող ինչ որ բան գծագրվեց շրթունքներին, և նա փորձեց շարունակել ընդհատված խոսքը: Հաջորդ նախադասության կեսին՝ դարձյալ Պոսպելովի կոպիտ միջամտությունը: Եվ այսպես՝ մի քանի անգամ: Պարզ էր,որ նրան թույլ չէին տալու ավարտել իր խոսքը:- Ընկեր Պոսպելով,- առանց թիկունքը շրջելու Մոսկվայի ներկայացուցչին դիմեց Հարությունյանը,- ես վերջին անգամ եմ հանդես գալիս այս մարդկանց առաջ: Թույլ տվեք խոսել վերջապես: -Խոսեք,- մեծահոգաբար թույլատրեց Պոսպելովը:- Ինչպես տեսնում եք,- այս անգամ արդեն դահլիճում նստածներին դիմեց Հարությունյանը,- ինձ հնարավորություն չեն տալիս ավարտել խոսքս: Թողնելով այս ամբիոնը,ուզում եմ,որ դուք իմանաք՝ ես եղել, կամ և կմնամ մեր կուսակցության հավատարիմ զինվորը, Հայաստանի նվիրյալ որդին, անկախ այն բանից,թե ինչ է ինձ սպասում առաջիկայում:

Իսկ այդ առաջիկան սպասվածից ավելի դաժան գտնվեց: Խրուշչովի հիշաչար ստվերը հետապնդում էր նրան ամենուր: Այդ տխուր պատմությանը հետագայում շատերն են անդրադարձել: Օգտվենք քաղաքական, պետական անվանի գործիչ Եղիշե Ասծատրյանի հուշագրությունից: ,,17 տարի ղեկավարելով հանրապետությունը, Հարությունյանը սեփական բնակարան չունեցավ: Եվ ,ահա, մի օր դժվար պայմաններում գտնվող Գրիգոր Հարությունյանի հետ զրուցում ենք կենտկոմի իմ աշխատասենյակում: – Նախարարների խորհրդի ցուցումով ինձ հատկացրել են մի սենյականոց բնակարան,- ասում է նա: -Ոչինչ չունեմ ասելու, բայց գրքեր, գրասեղան տեղադրելու հնարավորություն չկա; Եկել եմ խնդրելու, որպեսզի միջամտեք,գոնե մինիմալ հարմարություն ստեղծելու գործում: Զանգում եմ Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին, իմանալով,որ Գրիգոր Հարությունյանը տարի առ տարի նրան թևի տակ պահել է, առաջ քաշել բարձր պաշտոնների: -Անտոն Երվանդովիչ, քաղխորհուրդը Գրիգոր Արտեմովիչին հատկացրել է մի սենյականոց բնակարան: Դա չտեսնված անարդարություն է, խնդրում եմ ասեք, որպեսզի հարմարավետ, գոնե երկու սենյականոց բնակարան տրամադրեն: -Ոչ, Եղիշ ջան, ես չեմ կարող,դա Թովմասյանի հետ միասին ենք որոշել;-Խնդրում եմ միասին գնանք Թովմասյանի մոտ: Կամ ես նրան խնդրեմ,բայց ասեմ,որ Դուք չեք առարկում դրական որոշելու համար:- Ոչ, Եղիշ ջան, ես չեմ գնա Թովմասյանի մոտ, քեզ էլ խորհուրդ չեմ տալիս,- ու խոսափողը դրեց: Ինձ համար անսպասելի դրություն է: Գրիգոր Հարությունյանը զգում է, որ անտանելի վիճակի մեջ եմ, և չի ուզում անհարմար դրություն ստեղծել; Ներողություն է խնդրում և ուզում է գնալ: Բայց ես խնդրում եմ սպասել:

Զանգում եմ էլեկտրալամպերի գործարանի տնօրենին: Ժամանակին նրա խնդրանքով միջամտել եմ, որպեսզի գործարանի մասնագետների համար բնակելի շենք կառուցելու կապակցությամբ, ներկայիս Մաշտոցի պողոտայի հյուսիսային մասում,հենց Գրիգոր Հարությունյանի ծառայողական տան դիմաց, տեղ հատկացնեն: -Ընկեր Սարգսյան, ե՞րբ է պատրաստ լինելու Ձեր գործարանի մասնագետների շենքը:-Արդեն համարյա պատրաստ է և բնակարանները բաժանվում են,- պատասխանում է նա:-Կարո՞ղ եք երկու սենյականոց բնակարան առանձնացնել, առանց ձեր մասնագետների շահերին վնասելու: -Այո, կարելի է առանց որևէ վնասի: Եղիշե Թևոսովիչ, եթե դա Ձեզ համար է,ապա ինչու՞ երեք սենյականոց չեք վերցնում, ավելի հարմար կլինի:- Ոչ, Գրիգոր Արտեմովիչի համար է, երկու սենյակից ավել չի ուզում: Խնդրում եմ անձամբ հետևեք,որպեսզի բնակարանը լինի երրորդ հարկում ու լրիվ ավարտված: Եվ,եթե դժվար չէ, օգնեք տեղափոխվելու հարցում: Որոշ ժամանակ անց Հայաստանի Կոմկուսի Կենտկոնի նորընտիր առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը կանչում է ինձ և առանց առաջաբանի հարցնում.- Ով է Ձեզ իրավունք տվել, առանց Կենտկոմի ղեկավարության հետ համաձայնեցնելու, Գրիգոր Հարությունյանին բնակարան տրամադրել:- Ես պատրաստ չէի այդպիսի հարցին պատասխանելու, համենայն դեպս աշխատեցի հանգիստ պատասխանել.- Սուրեն Հակոբովիչ, ես նրան բնակարան չեմ տվել,որովհետև դա իմ պարտականությունների մեջ չի մտնում: Ես գիտեմ,որ մի քանի անհավասարակշիռ անձնավորություններ պահանջում են Հարությունյանի բնակարանը շուտափույթ ազատել: Դա, իմ կարծիքով անմիտ պահանջ է: Բացի դրանից՝ ահա երկու ամիս է, ինչ Հարությունյանին ոչ ոք աշխատանք չի առաջարկել, իսկ ես ունեմ պատրաստի առաջարկություն՝ նրան աշխատանքի նշանակել որպես կադրերի բաժնի վարիչ Էլեկտրալամպերի, Կաբելի կամ Հայէլեկտրոմաշ գործարաններից մեկում,որոնց կազմակերպման գործում Հարությունյանը մեծ ծառայություններ ունի: Նկատի ունենալով այդ հանգամանքը, ես, իսկապես … հանձնարարել եմ Էլեկտրալամպերի գործարանի տնօրեն Սարգսյանին նորակառույց շենքում Հարությունյանին բնակարան հատկացնել:

Նոր ղեկավարին դուր չեկավ այդ խոշոր կոլեկտիվներում հանրապետության նախկին առաջին ղեկավարին աշխատանքի նշանակելու գաղափարը: Մի քանի օրից Գրիգոր Հարությունյանը, Կենտկոմի Բյուրոյի որոշմամբ նշանակվեց Զանգիբասարի / ներկայիս Մասիսի շրջանի/ բանջարաբուծական սովխոզներից մեկի տնօրենի պաշտոնում,,:Դժվար է պատկերացնել Հայաստանի մեկ այլ ղեկավարի, որը կհամաձայներ պաշտոնանկությունից հետո գյուղխորհրդի նախագահ աշխատել, բայց նա աշխատեց, չնայած լուրջ հիվանդ էր: Անհաջող վիրահատություն էր տարել և տառապում էր ենթաստամոքսային գեղձի պարբերական ցավերով, շաքարախտից: Գիրզե սապոգներով, մգդակած արտահագուստով նա շարունակ տնտեսության մի տեղամասից մյուսն էր անցնում, ինքնամոռաց աշխատանքի ընթացքում քամուն տալով և ցավը, և վիրավորանքը, և հիվանդությունը: Համամիութենական մրցույթում նրա ղեկավարած պետտնտեսությունը գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց փոխանցիկ դրոշով: Դա առաջ բերեց հանրապետության ղեկավարության զայրույթը: Գրիգոր Հարությունյանին հովանավորելու շինծու մեղադրանքով աշխատանքից հեռացվեց հանրապետության գյուղատնտեսության նախարար Ենոք Ղազարյանը:

Դա արդեն վերջն էր: Գրիգոր Հարությունյանը ստիպված էր ազատման դիմում ներկայացնել: Բայց այստեղ էլ կրկին՝ դարանակալ փոքրոգություն: Ինչպիսի~ արժանապատվություն ու ծով համբերություն է ունեցել այդ ազնիվ մարդը:

,,Ընդունարանում նստելու դիրքից հասկացա, որ երկար է սպասել,- պատմում է Եղիշե Ասծատրյանը:- Հանդիմանեցի քարտուղարուհուն, թե ինչու՞ հարգարժան հյուրին անմիջապես աշխատասենյակ չի հրավիրել, բայց Գրիգոր Արտեմիչը բարեկիրթ էր ինչպես միշտ, մեղքը վերցրեց իր վրա:- Դա իմ վերջին հանդիպումներից մեկն էր Գրիգոր Արտեմովիչի հետ: Նա ինձ հանձնեց վաղօրոք պատրաստված,Կենտկոմի ղեկավարությանը հասցեագրված, մի քանի տողից բաղկացած անձնական դիմումը՝ սովխոզի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու մասին: -Վերջին ժամանակները առողջությունս վատացել է, ճանապարհը հեռու է, դժվարություններ են առաջանում աշխատանքում, Երևանի բարձրությունը և շաքարախտը նույնպես զգացնել են տալիս,- ասաց նա: Խնդրում եմ նրան սպասել, մինչև ղեկավարությանը զեկուցեմ և արդյունքները հայտնեմ:

Նախկին երկարամյա և բազմավաստակ առաջին քարտուղարի դիմումը հանձնում եմ գործող առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին, պատմում մեր զրույցի բովանդակությունը և խնդրում, որպեսզի նա մի քանի րոպեով ընդունի Հարությունյանին ազատելուց առաջ, ինչպես ընդունված է այդպիսի դեպքերում, զրուցի հետը; Բայց նա ինձ հանձնարարում է նրան տանել երկրորդ քարտուղար Հրաչիկ Մարգարյանի մոտ: Մարգարյանը ինձ պատասխանում է.- Քանի որ Հարությունյանը աշխատում է սովխոզի տնօրենի պաշտոնում,թող նրան ընդունի Հրանտ Հովհաննիսյանը, գյուղատնտեսության գծով քարտուղարը:- Ընկեր Մարգարյան, Դուք նրա հետ պիտի զրուցեք աշխատանքից ազատման, և ոչ թե գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին: Բայց նա համառորեն լռում է.Գնում եմ գյուղատնտեսության գծով քարտուղարի մոտ: Բայց նա նույնպես հրաժարվում է: Վերջապես մեծ ամոթանքից հետո Հրանտ Հովհաննիսյանը դուրս է գալիս ընդունարան, ներս հրավիրում Գրիգոր Հարությունյանին, զրուցում ու պայմանավորվում, որ բյուրոյի նիստի օրը նա կհրավիրվի և դիմումը քննարկման կդրվի:

1956 թվականի հունվարի 27 – ին,ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ Գրիգոր Հարությունյանը ազատվեց սովխոզի տնօրենի պաշտոնից: Նա շատ սրտառուչ հրաժեշտ տվեց Հայաստանին, անչա~ր, համակերպված: Առանց հուզմունքի դժվար է կարդալ Նամիի քնարական ներբողն այդ մասին.ՙՙՙՙ,,Երբ քեզ աշխատանքից հեռացնում էին, մարդկային ստոր կրքերը շիկանում էին քո շուրջը,ես սկեսրայրիս՝ Անաստաս Միկոյանի հետ լեզվակռիվ տալուց հետո, որը չէր թողնում ինձ, Մոսկվայից շտապ եկա Երևան, կողքդ լինելու համար: Քո հեռացման օրը ճաշասեղանի շուրջը նստած էին իմ դպրոցական ընկերները, որոնք նաև ձեր՝ հարազատներիս համար միշտ էլ բարեկամներ էին: Դու բոլորի բաժակները կոնյակ լցրեցիր, որը դու երբեք չէիր խմում ու ասացիր. ,, Խմենք Հայաստանի կենացը: Թող իմ հեռանալը նրա օգտին ծառայի: Ժամանակը փոխվել է և այդպես էլ պետք է լինի,,: Խոնարհվում եմ քո առջև բարոյական այդ դասի համար: Ոչ մի վիրավորանք, հանդիմանություն, միայն ոգու դրսևորում, ես կասեի համարյա սրբազնագույն,,:

21.01.2006 թ.Բարեկամներ, Գրիգոր Հարությունյանի մասին զրույցը շարունակություն ունի,որը կտեղադրեմ քիչ հետո: Ուրախ կլինեի,եթե այն ևս ձեր ուշադրությանը արժանանար:

Աղբյուրը՝ Հայկ Մարտիրոսյանի ՖԲ էջ – https://www.facebook.com/hayk.martirosyan.3114