Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը. Զոհրաբ Մնացականյան

66

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը: 

Հանդիպմանը, որը նախագահում էր Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուին և շուրջ երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:  

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:   

Հայաստանը լիովին հավատարիմ է արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ուղղված գլոբալ, միջազգային և տարածաշրջանային զարգացմանը: Մենք շարունակում ենք դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական համագործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական  և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության ու ներառականության խթանումը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանի համար գերակայություններ են՝ հիմնված այն ընկալման վրա, որ մարդու իրավունքները համընդհանուր են աշխարհի բոլոր մասերի, բոլոր ժողովուրդների և անհատների համար` անկախ բնակության վայրից կամ կարգավիճակից: 

Մարդու իրավունքների վրա հիմնված և մարդակենտրոն մոտեցման ապահովումը շարունակում է գերակա տեղ զբաղեցնել արձագանքման և վերականգնման ջանքերում, և Հայաստանը լիովին հանձնառու է դրան: Մարդկային ռեսուրսի ամրապնդումը և ազգային տաղանդի ընկալումը` որպես խելացի զարգացման շարժող ուժ սահմանում է Հայաստանի բարեփոխումների և վերականգնման օրակարգի էությունը, որում հատուկ շեշտադրվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նորարարության խթանումը և ՏՀՏ ոլորտի զարգացումը: Վերջիններս կարևորվում են որպես արդյունավետ գործիք ծախսերի նվազեցման և արտաքին շուկաներ մուտքի դյուրացման համար՝ այդպիսով նպաստելով արտաքին առևտրի աճին»,- նշեց ԱԳ նախարարը: