Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ

40

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց։

NEWS.am-ի տեղեկություններով՝ նիստը չի կայացել պաշտպանների բացակայության պատճառով. նրանք պատշաճ ծանուցված չեն եղել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Երեկ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։