«Նա բռնկվեց ու մարեց ակնթարթորեն…»

65

Այդ զարմանալի Լեւոն Քոչարյանը

Վլադիմիր Վիսոցկու հայկական առնչությունների մասին շատ է գրվել: Ցանկանում ենք ներկայացնել նրա ամենավառ բարեկամին, որի անունըՙ Լեւոն Քոչարյան, մշտապես հիշվում է որպես Վիսոցկու կայացման մեջ մեծ ներդրում ունեցած անհատ: Սակայն մեծանուն երգիչ-բանաստեղծի մտերիմը լինելը չէր նրա գլխավոր արժանիքը… Լեւոն Քոչարյանը բազմաշնորհ անձնավորություն էր, որի դիմանկարը կերտելու առիթը հանդիսացավ այս տարի լրացած նրա ծննդյան 90-ամյակը եւ մահվան 50-ամյա տարելիցը…

Սցենարիստ Արթուր Մակարովը Քոչարյանի մասին գրել է. «Չի կարելի գերագնահատել Լյովայի ազդեցությունը Վոլոդյայի (եւ ոչ միայն նրա, մեր բոլորի) վրա: Լյովան կարողանում էր եւ անում էր ԱՄԵՆ ԻՆՉ. սուրալ ձիու վրա, տանկ քշելՙ առաջին անգամ նստած լինելով, ջերմանավը դուրս բերել նավահանգստից, շյուղերով հյուսել, երգել, կիթառ նվագել, կռվել, եթե ինչ-որ մեկին պաշտպանելու ուրիշ միջոց չկար, ֆոկուսներ ցույց տալ (ինչպեսՙ թելած ասեղը անցկացնել այտի մեջՙ առանց արյան) եւ ածելիներ ուտել…» (Владимир Высоцкий: человек, поэт, актер, Москва, 1989, с.188):

Սակայն նա իր անունը պատմության մեջ թողել է որպես կինոբեմադրիչ… Հայ բեմի եւ ասմունքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի որդին ծնվել է 1930 թվականին, Թբիլիսիում: 1947-ին իր բարեկամ, ապագա նշանավոր գրող Յուլիան Սեմյոնովի հետ ընդունվել է Մոսկվայի համալսարանի արեւելագիտության բաժինը, որտեղ սովորել է մեկ տարի, ապա 1950-1955 թթ. ուսանել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում: Որոշ ժամանակ Մոսկվայի քրեական հետաքննությունում աշխատելուց հետո Լեւոն Քոչարյանը հիասթափվել է մասնագիտությունից եւ զբաղմունքից. նրան գրավում էին սխրանքներն ու հետապնդումները, մինչդեռ ինքը զբաղվում էր թղթաբանությամբ: Մեծացած լինելով արվեստի միջավայրումՙ նա ի վերջո որոշել է նվիրվել կինոյին: Ավարտել է օպերատորների բարձրագույն դասընթացները եւ աշխատանքի անցել նախ Գորկու անվան կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, իսկ 1957 թվականից «Մոսֆիլմ» ստուդիայումՙ որպես երկրորդ ռեժիսոր: Նրան կատակով անվանել են «առաջինըՙ երկրորդների մեջ» եւ «խորհրդային կինոյի լավագույն երկրորդ ռեժիսորը»: «Խաղաղ Դոն» ֆիլմում Քոչարյանը եղել է Սերգեյ Գերասիմովի ընթերական, որպես ընթերակա եւ երկրորդ ռեժիսոր մասնակցել է նաեւ «Կազակներ», «Ողջեր եւ մեռածներ», «Անորսալի վրիժառուները» ֆիլմերին:

Դյուրահաղորդ, ընկերասեր, արկածախնդրությունների հակումով, կենսասեր, ուրախ եւ շնորհաշատ Լեւոն Քոչարյանիՙ Բոլշոյ կառետնի նրբանցքում գտնվող բնակարանում հաճախ էին տեղի ունենում հավաքույթներ ամենատարբեր մասնագիտություն ունեցող հետաքրքրական մարդկանց մասնակցությամբ: Նրա մտերիմ ընկերներից են եղել ոչ միայն Վլադիմիր Վիսոցկին (որը վեց տարի ապրել է նույն շենքում, ապա մեկուկես տարիՙ Լեւոնի բնակարանում), այլեւ Անդրեյ Տարկովսկին, Վասիլի Շուկշինը, Էդմոնդ Քեոսայանը, Արթուր Մակարովը (Սերգեյ Գերասիմովի որդեգիրը) եւ այլք: Նա օժտված էր մարդկանց միմյանց կապելու շնորհքով: Պատմում են, որ երբեմն նրա տանն այնքան շատ մարդ է հավաքվել, որ նույնիսկ հենվելու տեղ չի մնացել, ուր մնացՙ պառկելու: Այդպիսի մի հավաքույթից հետո Լեւոնը Վիսոցկու համար անկողին է գցել… լոգարանակոնքում: Նրանց ընդհանուր ընկերները բազմիցս պնդել են, որ «Քոչարյանը Վիսոցկուն սովորեցրել է ապրել», ինչը ճշմարտություն էր, քանի որ Լեւոնը ութ տարի մեծ է եղել Վլադիմիրից, հետեւաբարՙ ունեցել է ավելի մեծ կենսափորձ: Քոչարյանը Վիսոցկուն ներկայացրել է տարբեր նշանավոր անձանց. հայտնի է, որ մի անգամ նրան իր հետ տարել է Ռոբերտ Ռոժդեստվենսկու կազմակերպած մի հավաքին, իսկ վերջինս, լինելով խորհրդային վերնախավին մոտ, հորդորել է հեռացնել Վիսոցկուն: Այդժամ Քոչարյանն ինքն էլ հեռացել է Վիսոցկու հետ… Ռուս մեծանուն բարդի երգերից շատերն առաջին անգամ հնչել են նրա տանը, դրանց առաջին ձայնագրությունները կատարել է Քոչարյանն իր «Դնեպր-10» մագնիտոֆոնով, իսկ Վիսոցկու «Բոլշոյ կառետնիում» երգը նվիրված է Լեւոնին: Վլադիմիր Վիսոցկին ընկերասիրությունը ժառանգել է Լեւոն Քոչարյանիցՙ ողջ կյանքում կարողացածի չափ օգնելով ընկերներին, երաշխավորելով նրանց ծանոթներին… Ի դեպ, իր կինոկարիերայի հաջող սկզբի համար Վիսոցկին նույնպես պարտական է Քոչարյանին, որը նրան ներկայացրել է այն ռեժիսորներին, որոնց ֆիլմերում հանդես է եկել որպես երկրորդ ռեժիսոր («Հեռացում դեպի ափ», «Ողջեր եւ մեռածներ»)…

Քոչարյանին իրենց արձակ գործերում մի քանի անգամ հիշել են Յուլիան Սեմյոնովը (մասնավորապեսՙ «Բարոնը» գրվածքում) եւ Վլադիմիր Ակիմովը: Ըստ Սեմյոնովիՙ «Լեւոնը այդ տարիների Մոսկվայի հոգին էր: Նրան ճանաչում եւ սիրում էին տարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ` բեռնակիրներ, գրողներ, տրամվայի ուղեկցորդներ, ժոկեյներ, դերասաններ, պրոֆեսորներ, օդաչուներ: Նա օժտված էր հրաշալի պարգեւովՙ սիրահարվել տալ իրեն անմիջապես եւ հավիտյան»: Իսկ գրող Միխայիլ Ռոշչինն իր հուշերում գրել է. «Լյովա Քոչարյանը, Արթուր Մակարովը, Գրիշա Պոժենյանը մեզ «տղամարդկություն» սովորեցրին. չլինել երբեք վախկոտ, պաշտպանել թույլերին, առաջինը վճարել, պաշտպանել ընկերոջը, եթե հարկ լինի անգամ արյուն թափել, խղճալ երեխաներին եւ կանանց…»:

1965-ին Քոչարյանը որոշել է նկարահանել արկածային ֆիլմ Երկրորդ աշխարհամարտի տարիների նավաստիների մասին: Երբ նախագծին միացել է Տարկովսկին, տորպեդահարների սյուժեն վերածվել է թշնամու թիկունքում հայտնված ջոկատայինների մասին պատմության: Այդպես երեք տարի անց կյանքի է կոչվել Լեւոն Քոչարյանի միակ ֆիլմըՙ «Հազարից մեկ շանսը» (1968), որի սցենարը նա գրել էր Անդրեյ Տարկովսկու եւ Արթուր Մակարովի հետ: Վլադիմիր Վիսոցկին հրավիրվել է նկարահանվել ֆիլմում, բայց հրաժարվել էՙ զբաղվածության պատճառով: Ի դեպ, ֆիլմում փոքր դերով նկարահանվել է հայազգի ճանաչված դերասան Գուրգեն Թոնունցը:

Ասում են, որ այս կինոնկարը շատ թանկ է նստել կենսախինդ եւ միանգամայն առողջ բեմադրիչի վրա, նկարահանումները քայքայել են նրա առողջությունը: Երբ Քոչարյանի մոտ ախտորոշվել է մաշկի քաղցկեղ, Տարկովսկին հրաժարվել է շարունակել աշխատել ֆիլմի վրաՙ առաջարկելով նշանակել նոր ռեժիսոր: Բժիշկները Քոչարյանին հորդորել են հրաժարվել նկարահանումներից, բայց նա համառորեն շարունակել է աշխատել: Երբ նրա վիճակը վատթարացել է, ֆիլմի նկարահանումն ու մոնտաժն ավարտին է հասցրել Էդմոնդ Քեոսայանը: Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 1969-ի աշնանը, Մոսկվայի կինոյի տանը:

Հիվանդ վիճակումՙ Լեւոն Քոչարյանը դրվագային դերով նկարահանվել է Քեոսայանի «Ռուսական կայսրության թագը» ֆիլմում… Բժիշկները նրան մեկ ամսվա կյանք են տվել, սակայն նա ապրել է եւս կես տարի. ընկերները համոզված էին, որ եթե նրան մեկ այլ ֆիլմ նկարելու հնարավորություն տայինՙ եւս կես տարի կապրեր: Լեւոն Քոչարյանը մահացել է 1970 թվականի սեպտեմբերի 14-ին, Մոսկվայում, ընդամենը քառասուն տարեկան հասակումՙ թողնելով կնոջըՙ Իննա Քոչարյանին (ծնյալ Կրիժեւսկայա) եւ յոթնամյա դստերըՙ Օլգային:

Բազմիցս քննվել է այն հարցը, թե ինչու Վլադիմիր Վիսոցկին, որն այնքան մտերիմ է եղել Քոչարյանի հետ, այդպես էլ չի այցելել մահացու հիվանդ ավագ ընկերոջը ո՛չ հիվանդանոցում, ո՛չ տանը, ո՛չ իսկ մասնակցել է հուղարկավորությանը: Այս հանգամանքը վրդովեցրել է նրանց ընդհանուր ընկերներին, որոնք դադարել են շփվել Վիսոցկու հետ: Որոշ ժամանակ անց Վիսոցկին պատահաբար հանդիպել է Էդմոն Քեոսայանին ու հարցրել, թե ինչու է վերջինս խուսափում իրենից: Իմանալով պատճառըՙ Վիսոցկին խոստովանել է. «Գիտե՞ս, Քյոս… ես չէի կարող գալ: Ես չէի կարող Լյովային տեսնել հիվանդ, իրեն ոչ նման… Լյովայինՙ քառասուն կիլոգրամ դարձած…»: Թե՛ Քեոսայանը, թե՛ Քոչարյանի այրին եւ մյուսները, ի վերջո ներել են Վիսոցկուն… Իրականում կարելի է հասկանալ երգչին, որն ավագ ընկերոջ մահից հետո իր ելույթների ընթացքում հաճախ է հիշել նրան, նրա բնակարանում ստեղծված երգերըՙ ասելով. «Նա հասցրեց նկարահանել միայն մեկ ֆիլմՙ «Հազարից մեկ շանս»… Նա բռնեց այդ շանսը ու արագ մահացավ: Նա քիչ բան հասցրեց: Նա ապրեց հախուռնՙ բռնկվեց ու մարեց ակնթարթորեն…»:

«Հազարից մեկ շանս» արկածային թրիլերն այսօր թերեւս հետաքրքրի միայն խորհրդային ռետրո կինոյի սիրահարներին: Սակայն Լեւոն Քոչարյանիՙ որպես նրա վրա մեծագույն ազդեցություն թողած ավագ բարեկամի անունը մշտապես եւ անխուսափելիորեն հիշատակվում է Վիսոցկուն նվիրված մեծածավալ գրականության մեջ…