Թուրքիան զբաղվելու է լիբիական նավթի արդյունահանմամբ

56

Թուրքիան Լիբիայի ներքին հակամարտության կողմերից մեկի՝ «Ազգային համաձայնության կառավարությանը» (ԱՀԿ) հետ համաձայնություն է ձեռք բերել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Թուրքիան օգնելու է Ֆայեզ Սարաջի գլխավորած ԱՀԿ-ին բանակի վերակազմավորման, զինվորականների ուսուցման, լոգիստիկայի և այլ հարցերում: Դրանից բացի թուրքական մասնավոր ընկերությունները մասնակցելու են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների ստեղծման կամ վերակառուցման աշծատանքներին, իսկ թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերությունն իրավունք է ստանում ԱՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նավթի արդյունահանում իրականացնել:

ԱՀԿ-ի պաշտպանության նախարար Սալահադդին Նեմրուշը հայտարարել է, որ սկսել են Թուրքիայի հետ միասին բանակի վերակազմավորման ու զարգացման նախագծերի իրականացումը: Դրանք ներառում են ԱՀԿ-ի բանակի հակաօդային պաշտպանության համակարգի, ռազմական նվատորմի, ահաբեկչության դեմ պայքարի ու հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմավորման աշխատանքները: Ըստ լիբիացի պաշտոնյայի՝ 1-ին ուսումնական կենտրոնը հիմնվելու է Տրիպոլիում. առաջնահերթությունը միջազգային չափանիշներին համապատասխան բանակ ստեղծելն է: Նշվում է, որ հիմնվող բանակի կորիզը կազմելու են Թուրքիայի ցամաքային ռազմական դպրոցում սովորող 192 լիբիացի կուրսանտները և Լիբիայում ուսուցում ստացող զինվորականները:   

Թուրքիայի հետ համաձայնության շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման նախագիծը նախատեսում է թուրքական մասնավոր ընկերությունների մասնակցությամբ կատարել էներգետիկ, ջրային ռեսուրսների քաղաքային կառավարման ենթակառուցվածքների վերակառուցման, պետական նշանակության շենքերի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքներ:

Թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերության և Լիբիայի պետական նավթային ընկերության համագործակցության արդյունքում նախատեսվում է հիմնել գազի ու նավթի վերամշակման նոր կայաններ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին նավթի ու գազի վերամշակման ոլորտում կարևոր քայլեր են սպասվում: Նշվում է նաև, որ դեռևս 2000-ականների 2-րդ կեսին թուրքական պետական նավթային կազմակերպությունը Լիբիայի Սիրթ և Սեբհա շրջանների 11 հանքավայրերում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում դրանցից 9-ում նավթ էր հայտնաբերել: Թուրքական ընկերությունը, սակայն, Լիբիայում սկսված ներքին հակամարտության պատճառով ստիպված էր եղել  կասեցնել 2013-ին այնտեղ հիմնած «Turkish Petroleum Libya Ltd» ձեռնարկության աշխատանքները:

Ermenihaber.am