Թուրքիայում Աթաթյուրքի նմանակին «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել

67

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի նմանակ՝ Գյոքսել Քայային «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել Աթաթյուրքի հիշատակը վիրավորելու համար։

Գյոքսել Քայան աստեղային ժամեր է ապրում և միջոցառումների կիզակետում հայտնվում Թուրքիայի ազգային տոնակատարությունների ժամանակ։ 

Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացի համարվող այդ անձը սոցցանցում գրառում է կատարել  2019թ․ նոյեմբերի 25-ին Աթաթյուրքի նմանակի՝ Թուրքիայի դպրոցներից մեկը կատարած այցի կապակցությամբ։

Այդ օգտատերը մասնավորապես գրել է․ «Այս երկրում կրթության նախարարությունն ի՞նչով է զբաղված։ Ի՞նչ իրավունքով է այս ծաղրածուն դպրոցներ գնում և լվանում երեխաների ուղեղները»։  

Այս գրառման առնչությամբ Էսքիշեհիրի հանրապետական գլխավոր դատախազությունը թիվ 5816 օրենքի համաձայն, մեղադրական եզրակացություն է պատրաստել այդ օգտատերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Աթաթյուրքի պաշտպանության մասին թիվ 5816 օրենքն ընդունվել է 1951-ի հուլիսի 25-ին և օրենքի ուժ ձեռք բերել հուլիսի 31-ին։ Այս օրենքի 1-ին հոդվածով Աթաթուրքի հիշատակը վիրավորող անձանց համար նախատեսվում է 1-3 տարվա ազատազրկում: 2-րդ հոդվածով նախատեսվում է այդ պատժաչափի համամասնական ավելացում, եթե հասարակական վայրերում իրենց այդպիսի բան են թույլ տվել երկու կամ ավելի անձինք: 5-րդ հոդվածի համաձայն էլ` այս օրենքի իրագործմամբ պետք է զբաղվի արդարադատության նախարարը:

Ermenihaber.am